«Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։  Մեկ ամիս առաջ նման հայտարարություն էր արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Այսօր` օգոստոսի 29-ին, armtimes.com-ը ԱԺ «Ելք»  խմբակցության քարտուղար, պատգամավոր Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գտնվում պատգամավորի առաջարկը, արդյո՞ք խմբակցությունում քննարկել են Մարուքյանի հայտարարությունը, և ի՞նչ որոշում են կայացրել:

«Դեռևս խմբակցությունում չենք քննարկել, երբ քննարկենք, ու որոշում կայացնենք անպայման մամուլի հաղորդագրություն կտարածենք: Այն, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն արտաքին քաղաքական սխալ էր, դրա մասին մենք դեռ մեր նախընտրական ծրագրում էինք բարձրաձայնել: Խմբակցության կուսակցություններն էլ բազմիցս խոսել են այս կառույցի ոչ օգտակարության, ինչպես նաև Հայաստանի շահերին դեմ լինելու, և երկրի ինքնիշխանությանը վնասելու մասին: ԵԱՏՄ-ն որևէ լուրջ օգուտ չի տվել Հայաստանին և հիմա սպառնում են էլ ավելի ավելացնել այն քաղաքական մշակույթը, որն առկա է ԵԱՏՄ-ում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Գորգիսյանի խոսքով` ՀՀ կառավարությունը, թեև ժամանակին նպաստել է, որ Հայաստանը անդամակցի այս կառույցին, ապա պետք է հիմա շտապ քայլեր ձեռնարկի կառույցից դուրս գալու համար:

«Էդմոն Մարուքյանի հայտարարությունը կոչ էր՝ ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետև դրա մեջ կան օրենքներ, որոնք պետք է գործեն, իսկ եթե չեն գործում, ուրեմն իմաստ չկա մնալ նման կառույցի մեջ: Կառավարությունը ԵԱՏՄ-ին անդամակցելու ջատագովն էր, բայց իրենք պետք է հիմա նախաձեռնեն այդտեղից դուրս գալը»,- նշեց Գորգիսյանը:

 Անդրադառնալով այն հարցին, թե խմբակցությունը պատրաստվում է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում նման նախագիծ ներկայացնել, պատգամավորն ասաց.

«Երբ ԱԺ-ում սկսենք մեր բնականոն աշխատանքները, նիստերը, այդ ժամանակ հստակ հայտարարություն կլինի, թե այս հարցի առումով որևէ նախաձեռնություն լինելու է, ինչ ձևով է լինելու և երբ է լինելու: Դեռևս չեմ կարող ասել, թե աշնանային նստաշրջանում հարցը կբարձրացվի, թե ոչ»,- եզրափակեց Գորգիսյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել