ԱՄՆ-ի` Ռուսաստանի հանդեպ կիրառած նոր պատժամիջոցները հատկանշական են այն առումով, որ դրանց առանցքն անցյալ տարի ԱՄՆ-ում կայացած ընտրությունններին Ռուսաստանի հնարավոր ազդեցությունն է, որի մասին Թրամփի դիրքորոշումը հակասական էր: Այսօր, սակայն, նա ստորագրում է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում մեծամասնության կողմից հավանության արժանացած պատժամիջոցների մի հրաման, որի էությանը հենց իր իսկ գնահատականները միանշանակ չէին: ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում լարվածության նոր մակարդակը և փոխադարձ պատժամիջոցների կիրառումը ցույց են տալիս, որ որքան էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն ունենա Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավվելու, դա նրան կարող է հաջողվել միայն մինչև որոշակի մակարդակ, քանի որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն բնական հակառակորդներ են, և ԱՄՆ-ում գործող քաղաքական ինստիտուտներին ամբողջությամբ դեմ գնալ Թրամփի համար կնշանակեր կտրել այն ճյուղը, որի վրա նա նստած է: Մի մարդ, ով սեփական նախընտրական քարոզարշավը կառուցում էր նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման վրա և նախագահ դառնալուց միառժամանակ շարունակում էր դրական արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին, այսօր առավել խիստ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի հանդեպ, քան իր նախորդ վարչակազմը: Այս նոր պատժամիջոցները նաև արժանացել են Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ-ի քննադատությանը, որոնք նշում են, որ ԱՄՆ-ն հաշվի չի առնում իր դաշնակիցների շահերը Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելիս, և որ Ռուսաստանի պատասխան գործողություններից կարող են տուժել նաև հենց իրենք, քանզի Ռուսաստանի հետ ունեն էներգետիկ և առևտրային կապեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել