Հայրենիքի սահմաններն անառիկ պահող հայ զինվորները շարունակում են իրենց սրտերում պահել արիությունը, իսկ հոգիներում՝ մարտական տրամադրությունը: Անընդհատ ուշադրության տակ պահելով հակառակորդին՝ նրանք կարողանում են հանգստություն պարգևել բոլորիս:

Պաշտպանության բանակի դիրքերից մեկի պաշտպանությամբ զբաղված ժամկետային զինծառայող շարքային Սերգեյ Առուստամյանն, ով 19 տարեկան է, արդեն ութ ամիս է՝ իր պարտքն է կատարում հայրենիքի առաջ: Երևանցի Սերգեյը լրագրողների հետ զրույցի ժամանակ շատ բարձր մարտական տրամադրություն ուներ: Նա երկու ամիս առաջ էր հանդիպել ծնողներին և օգտվելով առիթից՝ ցանկություն հայտնեց ևս դիմել ծնողներին:

«Ծնողներիս ուզում եմ փոխանցել, որ չանհանգստանան, այստեղ լավ է, ապահով: Ընդհանրապես հանգիստ է, կրակոցներ չեն լինում»,- ասաց Առուստամյանը: Շարքայինը նաև նշեց, որ թե՛ զորամասում, թե՛ խրամատում իր համար ծառայությունն անցնում է հանգիստ, չնայած որ երկու տեղում էլ տարբեր տեսակի ծառայություններ են իրականացվում:

Ապարանցի 20-ամյա շարքային Արամ Հովհաննիսյանի զորացրվելուն մնացել է 30 օր: Նրա խոսքով՝ ժամանակը շատ արագ է անցնում: Արամը նախքան բանակ զորակոչվելը հասցրել էր ընդունվել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ և մտադրություն ունի զորացրվելուց հետո ուսանել այնտեղ:

«Համբերություն եմ մաղթում ծնողներիս, քանի որ ինձ հաշված օրեր են մնացել: Նրանց հանդիպել էի մոտ 40 օր առաջ՝ խրախուսական արձակուրդի շնորհիվ»,- ասաց Արամը:

Մեկ շաբաթից նա կտեղափոխվի զորամաս, և իր կարծիքով՝ դա կլինի վերջին հերթափոխը դիրքերում: Նրա խոսքով՝ զինվորի համար համեմատաբար ավելի բարդ ժամանակահատված է համարվում զինծառայության սկզբի օրերը, քանի որ չի պատկերացրել, թե ինչ է իրենից ներկայացրել զինծառայությունը: Իսկ առաջին անգամ դիրք բարձրանալը նրա համար եղել է վախենալու, սակայն դրանից հետո այդ զգացողությունը վերացել է, և Արամը հեշտությամբ հարմարվել է իրավիճակին:

Վերհիշելով ապրիլյան դեպքերն՝ Արամը նշեց, որ իրենք նախքան գործողությունները 14 օր դիրքերում են անցկացրել, իսկ երբ տեղափոխվել են զորամաս, դրանք սկսվել են և կրկին բարձրացել են դիրքեր:

«Չնայած որոշակի վախի զգացողությանը՝ մարտական էինք տրամադրված: Այն չեզոքացնում էր այդ զգացողությունը»,- նկարագրեց նա:

Արամը տղաներին խորհուրդ տվեց ծառայել իրենց հայրենիքի համար, քանի որ դա անհրաժեշտություն է:

«Զինծառայությունը տղային տալիս է համարձակություն»,- ասաց հայրենիքի սահմանի պաշտպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել