Newmag.am-ը գրում է.

Վաճառված մանկություն. երբ հասարակությունն անտարբեր է, պետությունն` անգործունյա

Թբիլիսիի մետրոյում մուրացիկ երեխաները շատ են: Սակայն այս երեխան տպավորվել է հիշողությանս մեջ, նա փոքր սրբապատկերներ էր վաճառում: Հազիվ ինը տարեկան լինի, բայց երբ տեսնում ես, թե ինչպես է ծխում, ավելի շատ էլ կտաս:

– Էլ սրբապատկերներ չե՞ս վաճառում, – հայացքս ուղղում եմ դատարկ բաժակին, որի մեջ ողորմություն է հավաքում:
– Ո՛չ, հիմա երգում եմ, – ժպտում է նա, – դրա համար ավելի շատ փող են տալիս: Առավոտից արդեն 35 լարի եմ աշխատել:

Գնացքը ժամանում է, դռները բացվում են: Տղան մտնում է վագոն ու սկսում երգել:
Մեկ րոպե անց նրա կողքին է հայտնվում մեկ ուրիշ մուրացկան: Նա բաժակի պարունակությունը լցնում է ափը և սկսում հաշվել: Գրկի երեխան ձեռքը մեկնում է դեպի մանրադրամը:

– Քանի՞ տարեկան է, – հարցնում եմ նրան, երբ վերջացնում է հաշվել, իսկ գնացքը դեռ չկա:
Կինը պատասխանում է թեթևությամբ, գրեթե սիրալիր և մանրամասն. մեկ տարեկան չորս ամսական, ամենփոքրն է: Տանը ևս երեքն են սպասում, մեծը՝ հինգ տարեկան է, միջնեկը՝ երեք, փոքրը երկու:

Կինը պետությունից նպաստ է ստանում, սակայն նրա խոսքով, դա չնչին գումար է, այդ պատճառով էլ դուրս է գալիս «աշխատանքի»: Ես զարմանալի մանրամասներ գիտեմ այդ «աշխատանքի» մասին. գրաֆիկը նորմային չի համապատասխանում՝ առավոտյան 8-ից մինչև կեսգիշեր: Ստիպված է դայակ վարձել, որի վրա օրական 10 լարի է ծախսում: Դա օրվա վաստակի գրեթե մեկ երրորդ մասն է: Եթե միայնակ «աշխատես» շատ ավելի քիչ գումար կվաստակես: Այդ պատճառով էլ երեխա չունեցողները հաճախ երեխաներին «վարձակալում են» օրական 15-20 լարիով:

Մուրացկանությունը Վրաստանում ի հայտ է եկել 90-ականներին: Աստիճանաբար ողորմություն խնդրողները երիտասարդացան. այժմ դրանով հիմնականում երեխաներն են զբաղվում: Պետությունն առաջին անգամ խնդրի մասշտաբները գիտակցեց, երբ մուրացկանությունը մոտ 20 տարի հետո արդեն զանգվածային էր դարձել: Փողոցում ապրող և աշխատող երեխաներին օգնություն ցուցաբերելու առաջին լուրջ ծրագիրը մեկնարկել է միայն 2009-ին: Շնորհիվ այդ ծրագրի, Թբիլիսիում շարժական խմբեր հայտնվեցին, որոնց կազմում էին սոցիալական ծառայության աշխատակիցներ, հոգեբաններ, վարչական աշխատակիցներ և ուսուցիչներ: Նրանք կապ էին հաստատում երեխաների հետ, փորձում էին նրանց վստահությունը ձեռք բերել և համոզել, որ այցելեն ցերեկային կենտրոններ, որոնք Թբիլիսիում բացվել էին նույնպես այդ ծրագրի շրջանակում:

Ցերեկային կենտրոնում փողոցային երեխաները կարող են ուտել, քնել ու լոգանք ընդունել: Սակայն այդ համակարգի մեծագուն թերությունն այն է, որ երեխաները չեն կարող օգտվել ցերեկային կենտրոնների բոլոր ծառայություններից, եթե պաշտոնապես գրանցված չեն: Իսկ դա հաճախ հնարավոր չի լինում անել, քանի որ ոչ բոլորն են փաստաթուղթ ունենում: Ըստ օրենքի, անչափահասին գրանցելու համար նրա ծնողները կամ խնամակալները պետք է դիմեն Վրաստանի արդարադատության նախարարության կառույցներին: Սոցիալական ծառայությունների աշխատակիցները ստիպված են եղել կապ հաստատել ընտանիքների հետ, օգնել ծննդյան վկայականների կամ անձը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման հարցում: Դա շատ ժամանակ է խլում, և միշտ չէ, որ ստացվում է: 2013-ին արդեն նոր ծրագիր մեկնարկեց, այդուհանդերձ փաստաթղթերի հետ կապված խնդիրը կրկին չլուծեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել