Սուրճի, ալկոհոլի և ծխախոտի վնասակար ազդեցությունը  սեռական ֆունկցիայի վրա

Կփորձեմ պարզաբանել:

Առաջինը` բոլորի կողմից սիրված սուրճի  հիմնական ազդող նյութը կոֆեինն է: Մարդիկ չեն էլ ենթադրում, որ սուրճի շատ օգտագործումից կարող են ունենալ կախվածություն, այսինքն` երբ մի որոշ ժամանակով չեն օգտագործում սուրճ, նրանց մոտ առաջանում է գլխացավ, գերգրգռվածություն, ֆիզիկական թուլություն, հոգեկան անդորրի, աշխատունակության, տրամադրության անկում, տագնապ, իսկ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն նյարդային համակարգի խախտումներ, կարող են առաջանալ նևրոզներ, դեպրեսիաներ, նաև կարող են սրվել սեռական բնույթի նևրոզները:

Սուրճը չշարաշահելու համար պետք է իմանալ օրվա չափաբաժնի ճիշտ հաշվարկը:
1 բաժակ հատիկավոր կամ լուծվող սուրճը պարունակում է 60 – 100 մգ, կոֆեին (1 կգ քաշին բաժին է հասնում 4,3 մգ):
Թեյը պարունակում է մինչև 30 մգ, շոկոլադի 30,0 գ-ը` մինչև 20մգ կոֆեին:
Ստացվում է, որ 80 կգ կշռող մարդու օրվա սուրճի չափաբաժինը կազմում է 4 -5 բաժակը, որը չպետք է գերազանցել:

Մյուս շատ վնասակար սովորությունը ծխելն է: Մոլի ծխողների մոտ կարող են զարգանալ վեգետատիվ նյարդային համակարգի խախտումներ, դեպրեսիաներ, գլխացավեր, նույնիսկ դիսֆորիկ իրավիճակներ, անգամ սիրտ – անոթային, շնչառական, աղեստամոքսային, ուռուցքային և այլ հիվանդություններ:
Տղամարդիկ ավելի շատ ծխում են ձանձրույթի և հոգնածության ժամանակ, կանայք` գրգռվածության և տագնապային իրավիճակներում:
Իսկ ի՞նչ ազդեցություն է թողնում ծխելը սեռական ֆունկցիայի վրա:
Կան աշխատություններ, որտեղ նշվում է սերմնարտադրության անկում` սերմ արտադրող էպիթելի վնասվելու, սերմնաբջիջների օքսիդացիոն ստրեսի պատճառով, իսկ որոշ դեպքերում` տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիա: Կանանց մոտ` կրծքագեղձի հիվանդություններ, հղիության ընթացքում պտղի զարգացման վրա բացասական ազդեցությամբ` նիկոտինային թունավորման ախտանիշներով: Երկու սեռերի մոտ հաճախ դիտվում են հորմոնալ խախտումներ պայմանավորված պրոլակտինի և էստրադիոլի բարձրացմամբ, որոնք էլ բերում են սեռական հորմոնների փոխհարաբերության խախտման:
Ծխելու ժամանակ հիմնական վնասը պայմանավորված է ծխախոտի գլանակի մեջ պարունակվող նիկոտինով: 1 գլանակի մեջ կա մինչև 1մգ նիկոտին, մոտ 4000 անվանում տոքսիկ նյութեր, որոնք օրգանիզմի վրա թողնում են բազմապիսի բացասական ազդեցություններ:
Մյուս վնասակար ազդեցությամբ հայտնի է ալկոհոլը, որից այդքան տուժում են և՛ ընտանիքները, և՛ երեխաները, և՛ հասարակությունը:
Օրվա չափաբաժինը. տղամարդիկ - 75,0 գ օղի կամ կոնյակ
կանայք - 50,0 գ օղի կամ կոնյակ
տղամարդիկ – 200,0 գ քաղցր գինի
կանայք – 150,0 գ քաղցր գինի
տղամարդիկ – 300,0 գ անապակ գինի
կանայք – 200,0 գ անապակ գինի
տղ. –500,0 գ գարեջուր
կն. – 330,0 գ գարեջուր

Այս նորմայից ավել օգտագործողների մոտ ժամանակի ընթացքում առաջանում է ալկոհոլիզմ: Ալկոհոլը շատ մարդկանց մոտ ժամանակավոր բարձրացնում է տրամադրությունը, ինքնագնահատականը, հանում է ստրեսային իրավիճակներից, որոշ մարդկանց մոտ թողնում է հանգստացնող, իսկ որոշ մարդկանց վրա` գրգռող ազդեցություն: Ալկոհոլի երկարատև օգտագործումը հանգեցնում է բազմաթիվ խախտումների, մարդու հոգեկան աշխարհի, աշխարհայացքի, ֆիզիկական բազմազան փոփոխությունների և հիվանդությունների:
Ես կանգ կառնեմ սեռական ոլորտի վրա թողած ազդեցության վրա: Արական սեռի մոտ դիտվում է հիպոգոնադիզմի, անդրոգենային դեֆիցիտի առաջացում, սերմնահեղուկի որակական և քանակական փոփոխություններ, լյարդի ֆունկցիայի անկման հետևանքով կանացի հորմոնների` էստրոգենների բարձրացում, որի հետևանքով առաջանում է գինեկոմաստիա, կանացի ձևով ձևավորվող ճարպաշերտ և այլ խախտումներ:
Կանանց մոտ առաջանում է էստրոգեն- անդրոգենային փոխհարաբերության խախտում, ունենում է բացասական ազդեցություն ձվաբջջի հասունացման և նրանց որակական հատկանիշների վրա, հետագա սերնդի մտավոր և ֆիզիկական առողջության վրա, ինչպես նաև մի շարք այլ փոփոխություններ:
Ես չեմ պնդում, որ Դուք ընդհարապես չպետք է օգտագործեք ալկոհոլ, բայց ես Ձեզ նախազգուշացնում եմ, որ չարաշահումները հանգեցնում են բազմաթիվ բարդությունների:
Հիմա փորձեք համադրել վերը նշված «հաճելի» եռյակի` սուրճի, ծխախոտի, ալկոհոլի բոլոր բացասական աղդեցությունները մարդու օրգանիզմի վրա և գնահատել դրանց առաջացրած բացասական ազդեցությունները  շարունական և տևական ժամանակահատվածում:
Ես հույս ունեմ, որ այս հոդվածից հետո ինչ – որ բան կփոխվի Ձեր մտածողության մեջ, և Դուք կապրեք առողջ ապրելակերպով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել