Image may contain: 2 peopleՄի երկու բառով անդրադառնամ նախընտրական պաստառներին, լոգոներին ու բուկլետներին: Իմ սուբյեկտիվ կարծիքը կարտահայտեմ դիզայնի ու իմաստի վերաբերյալ: Նեղանալ չկա․
Ազատ դեմոկրատեր-միայնակ են մասնակցում ընտրություններին և բնականաբար իրենց լոգոյով, բայց անկեղծ ասած այն ինձ միշտ երկրաչափական մարմինների հավաքածում է հիշեցրել ու երբեք դուր չի եկել:
ՀՀԿ-քարոզչական տեսահոլովակի օդում ճախրող գույները փորձել են համադրել պաստառի մեջ, բայց գործը կիսատ թողած ներկարարի էֆեկտ է ստացվել: Ու ընդհանրապես չես հասկանում՝ եռագույնի հետ այնուամենայնիվ կապ ունի՞ պաստառի վրայի գույները, թե՞ ոչ: Եթե ունի, ապա շատ վատ է ներկայացված, եթե չունի, ապա վերոնշյալ ներկարարը փորձել է կապույտ պատը նարնջագույն ներկել:
ՕՐՕ-Գուգլ խրոմի տարբերանշան հիշեցնող լոգոն չի փայլում իր օրիգինալությամբ ու գույներով: Եռադաշինքի ավելի լավ բան կարող էին մտածել, փոխանակ անունները կամարձև գրելու:
Ելք- հասկանալի է, թե ինչ են ցանկացել ցույց տալ լոգոն ստեղծողները, բայց մեղմ ասած անհամաչափա ստացվել: Ելք գտած ու արևից լուսավորված Ք տառի կեսը ամբողջությամբ փչացնումա պատկերը: Չեմ ասի, թե ոնց պետք է անեին, որ ճիշտ ստացվեր, ուղղակի կասեմ, որ այդքան էլ չի նայվում: Չնայած գույները պայծառ են, դա իրենց օգտին է:
ՀԿԿ-կոմունիստների մոտ առանձնապես բան չի փոխվել․ կարմիր, մուրճ և մանգաղ, սոցիալզիմ: Հին լոգո, հին գույներ:
ՀՎԿ- Հայկական վերածնունդը ևս միայնակ է մասնակցում ընտրություններին և իր լոգոյով, որը երբեք չի փայլել իր օրիգինալ ու դիզայներական լուծումներով, էլ չասած մուգ կապույտ գույնի մասին, որը վանում է:
ՀՅԴ- դաշնակցականների քարոզչական պաստառների վրա այնքան են տարատեսակ նախշեր ավելացրել, որ հաճախ թեկնածուի կարգախոսն ու անուն ազգանունը չես կարողանում տարբերակել: Բայց դրանով չեն սահմանափակվել, և այդ նախշերը նաև տեղավորել են տարբեր գույների երկրաչափական մարմինների մեջ՝ էլ ավելի դժվարացնելով ընկալելիությունը:
Ծառուկյան դաշինք-գույնը բաց է, բայց փայլը չափից շատ է արված: Բուկլետների վրայի բոսորագույն (բորդո) ֆոնը մեղմացնում է փայլը ու շքեղ տեսք տալիս, բայց առյուծն, ըստ իս, ավելորդ էր:
Եվ վերջապես ՀԱԿ-ՀԺԿ դաշինք-ինձ համար անհասկանալի պաստառ, որն ամեն անգամ քաղաքում տեսնելիս մեկ հարց է առաջացնում․ ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը պաստառի վրա 40-50 տարեկան: Վերջին ու հաջող նկարներ ունի, ավելին՝ 90-ականների լուսանկարը ժողովրդի մի որոշ շերտի մոտ լավ հիշողություններ չի արթնացնում: Էլ չասած վանող կապույտ գույնի մասին: Ընդհանրապես ապացուցված է, որ կապույտ գույնը ախորժակ փակելու, վանելու հատկություն ունի: Նույնիսկ շատ դեպքերում նիհարել ցանկացող մարդիկ կապույտ ափսեներից են հաց ուտում, որպեսզի ախորժակը չբացվի և քիչ ուտեն: Սա իհարկե դաշինքի հետ կապ չունի, զուտ հետազոտությունների արդյունք է: Ամեն դեպքում ՀԱԿ-ի թիմից ավելին էի սպասում:
Ըստ իս՝ այս քարոզարշավի ընթացքում գեղեցիկ կամ օրիգինալ պաստառ ու լոգո չկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել