Մինչ կառավարությունում դեռևս միայն խոսում են գյուղը զարգացնելու մասին, և կրկնում են «մեր փոխարեն մեր գյուղը ոչ ոք չի կառուցելու» ծեծված արտահայտությունը, գյուղերում հին խնդիրները շարունակում են չլուծված և անտեսված մնալ։
Այս տարի Արմավիրի մարզում տեղացած կարկուտի հետևանքով գյուղացու բերքը ոչնչացել է՝ պատճառելով նրանց 20 մլրդ դրամի վնաս։ Ծանոթ պատմություն է, այնպես չէ՞։ Ամեն տարի նույն իրավիճակն է մեր երկրում։ Կարկուտ տեղում է ամբողջ աշխարհում, բայց ժամանակակից մարդկությունը դրա հասցրած վնասը չեզոքացնելու բազմաթիվ եղանակներ է գտել, մենք էլ, որքան հիշում եմ, դրանցից մեկը՝ կարկտահար կայանները կիրառում ենք, դե գոնե մի քանի վայրերում փող ենք տվել ու տեղադրել ենք։ Իսկ թե ինչու դրանք կա՛մ լավ չեն աշխատում, կա՛մ էլ թվաքանակը քիչ է, մշտապես լղոզված պատասխաններ են հնչել կառավարությունից։
Այսինքն՝ գյուղացու խնդրի արմատներն այլ տեղ են, պետք է նախ պետությունը օգնի գյուղացուն մինիմալի հասցնել բնության վատ ազդեցությունը, որ հետո այս խեղճ մարդիկ պետական բյուջեից փոխհատուցում չպահանջեն, որը, ի դեպ, միայն պահանջել են, բայց երբեք էլ չեն ստացել։ Գյուղացու խնդիրների լուծման մեխանիզմը այդքան էլ բարդ չէ, ինչպես ներկայացնում են մեր կառավարությունից, այլ պարզապես կառավարությունում էլ պետք է ոչ միայն հնչեն, այլ նաև հասկացվեն «մեր փոխարեն ոչ ոք մեր գյուղը չի կառուցելու» արտահայտության իմաստը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել