Image result for պնՊՆ-ի նոր ծրագիրը, որը նախատեսում է 20 տարի շարունակ սոցիալական աջակցություն տրամադրել 2017-ի հունվարի 28-ից հետո մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին, առաջին հայացքից թվում է՝ այն նախագիծն է, որը վաղուց պետք է մշակված և գործնականում կիրառված լիներ։ Սակայն երբ հասկանում ես, թե դարձյալ ինչ միջոցներով և ում հաշվին է իրագործվելու այս ծրագիրը, այդ ժամանակ ամեն ինչ իր տեղն է ընկնում, և հասկանում ես, որ այս պետությունից ու ՊՆ-ից որևէ լավ որոշման ակնկալիք չունենալու օրինաչափությունը աշխատում է նախկինի պես շատ լավ։ Պարզվում է՝ ծրագրի համար միջոցներ կհատկացվեն այդ նպատակով ձևավորված հատուկ հիմնադրամից, որի բյուջեն ձևավորվելու է քաղաքացիների աշխատավարձերից ամսական 1000 դրամ գանձելով, ինչպես նաև կամավոր նվիրաբերութուններով։
Իրականում սա թալան է, քանի որ մեր հասարակությունն արդեն իսկ պահում է բանակն ու իր զինվորներին, որոնք այս նույն հասարակության անդամներն են, բայց մի՞թե կարելի է մոտ մեկ միլիոն աղքատ բնակչության ճտին դնել այս բեռը։ Իսկ միգուցե ՊՆ-ում փորերը դուրս ցցած, մարդակերի կերպարանք ունեցող գեներալներից սկսեն գանձել մեր զինվորների առողջության համար նախատեսված գումարները, ովքեր, ի դեպ, զոհվում կամ հաշմանդամ են դառնում այդ նույն թալանչի գեներալների տգիտության և անտարբերության արդյունքում։
Այսինքն՝ հերիք չի՝ հարկերով պահում ենք երկիրն ու բանակը, հերիք չի՝ այդ միջոցները գրպանվում են գեներալների կողմից, հերիք չի՝ հազար ու մի բարեգործական նախաձեռնություններ են իրականացվում հասարակության շրջանում զինվորների համար, գումարած սրան՝ լրացուցիչ աշխատավարձ էլ պետք է գանձվի այդ նույն խեղճ ու կրակ զինվորների ծնողներից։
Սա հերթական խայտառակությունն է ՊՆ-ի համար, որն ապրիլյան պատերազմից այդպես էլ ոչ մի դաս չկարողացավ քաղել և առանձնապես քաղելու մտադրություն էլ չունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել