ՏԻՄ ընտրությունները, անկախ հին և «դասական»՝ զանգվածային բնույթի ընտրախախտումներից, դրական գործընթացների սկիզբ դարձան ինչպես ընտրական պրոցեսում, այնպես էլ քաղաքական համակարգի առողջացման առումով։ Երկու ընդդիմադիր քաղաքական ուժեր՝ մեկը՝ նոր, մյուս՝ հին, ընտրություններում իրենց ձախողման համար մեղադրանքի ցուցամատը միայն դեպի «հանցավոր ռեժիմը» չպարզեցին, այլ կամք ունեցան բարձրաձայնելու իրենց սխալները և սթափ գնահատելու իրենց հնարավորություններն ընտրական գործընթացներում։
Ընդ որում, ի տարբերություն ՔՊ-ի, որն իր գործունեության հենց ամենասկզբում դրեց հասարակության հետ ազնիվ լինելու սկզբունքը, «հին» ընդդիմադիր ուժն առաջին անգամ նման ազնվություն ցուցաբերեց։
Վերջին շրջանում հայ հասարակության կողմից ընդդիմությունն ավելի շատ քննադատվեց, քան մեր երկրի դժբախտությունների մեծ մասի համար պատասխանատու ՀՀԿ-ն։ Այո՛, տարօրինակ կարող է հնչել, բայց հայկական ներքաղաքական դաշտի պայմաններում, երբ ժողովուրդը որևէ հույս չի կապում իշխանությունների հետ, ընդդիմադիր ուժերի պատասխանատվությունն ավելի շատ է։
Սա է պատճառը, որ ուժեղ և սկզբունքային ընդդիմությանը շատ փորձագետներ և հասարակությունը համարում են քաղաքական դաշտի առողջացման սկիզբ։
Այս առողջացման առաջին ծիլերը մենք տեսանք ընդդիմության ինքնաքննադատության մեջ։ Հուսանք՝ հենց նույն այդ ընդդիմությունը կշարունակի այս գործելաոճը, և հայ հասարակությունը վերջապես կքաղի ընդդիմադիր ուժերի՝ օդում հնչող խոստումների առարկայական պտուղները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել