Պատասխան Գրիշա Բալասանյանին հարցին`«Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը եւ արդյոք այս անգամ էլ իշխանությունները կգնան կեղծիքների»

Բարև, հարգելի Գրիշա: Գերզբաղվածության պատճառով անմիջապես չպատասխանեցի Ձեր հարցին: Մյուս կողմից, եթե ծանոթանաք իմ facebook-յան էջում տեղադրված ՝ Ձեզ հետաքրքրող թեմայով ելույթներին և հրապարակումներին, ապա կտեսնեք, որ դիրքորոշումս միանգամայն պարզ է: Ինչպե՞ս պետք է գնահատի քարոզարշավի ընթացքը ոչ կառավարական կազմակերպության ղեկավարը, ում դեմ քարոզարշավի սկսելուն պես սկսվեց նաև շինծու, սուտ քրեական մեղադրանքով մի խայտառակ դատավարություն, որը, ինչպես Դուք շուտով կհամոզվեք, բացահայտելու է մեր դատաիրավական համակարգի բոլոր խոցերը: Իհարկե, այդ խոցերը քաջ հայտնի են Սերժ Սարգսյանին, ով անցած տարվա վերջում ինքն է դրանք մատնանշել իրավապահ համակարգի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: Բայց մի բան է իմացությունը և մի այլ բան՝ արատները արմատախիլ անելու քաղաքական կամքը: Ինչպես հին հույներն էին ասում, գիտեն՝ որն է ճշմարիտը և բարին, սակայն երկրպագում են չարին:
Դուք ինձ հարցնում եք՝ արդյո՞ք այս անգամ էլ իշխանությունները կգնան կեղծիքների: Կներեք, բայց միամիտ հարց եք տալիս, եթե հաշվի առնել այն, որ այս քարոզարշավը ծայրից ծայր մեծագույն կեղծիք է: Այդ իսկ պատճառով քվեարկությունը կարող է և հաստատ կանցնի առանց շոշափելի կեղծիքների: Բայց միայն քվեարկությունը, որովհետև ընտրարշավը կեղծ է ի սկզբանե: Ինչպե՞ս կարելի է շինծու գործընթացի առանձին փուլի մասին դատողություններ անել ՝ կե՞ղծ է այն, թե՞ ոչ, եթե դա ամբողջական գործընթաց է: Հիշո՞ւմ եք հին հույներից իմաստասեր Զեննոնին և նրա «Ստախոսը» հայտնի ապորիան:
Գործնականում հնարավոր չէ պարզել «Ստախոսը» առանձին դեպքում իսկապես ստո՞ւմ է, թե՞ ճիշտ է խոսում: Մեր ընտրական և ավելի լայն իմաստով ՝ քաղաքական համակարգը ժողովրդի աչքերում այդ «Ստախոսն» է:
Անցած տարի, նախաձեռնելով ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի ստեղծումը, վերջին ճիգը գործադրեցի ճեղքելու անվստահության այդ կախարդված շրջանակը: Այսօր իշխանությունները նստացրել են ինձ ամբաստանյալի աթոռին, իսկ Միասնական շտաբը, արժանանալով Կռիլովի հայտնի առակի հերոսների ճակատագրին, անցավ պատմության գիրկը՝ որպես բռնաբարված վերջին հույս:
Հարգանքներով՝ Հմայակ Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել