Այս գիշեր Զվարթնոց օդանավակայանում էի, որտեղ դիմավորում էի Նորվեգիայից Երևան վերադարձող Հայաստանի ծանրամարտի հաղթական հավաքականին: Եվրոպայի այս առաջնությանը մեր մարզիկների մասնակցությունն, ապրիլյան իրադարձությունների համատեքստում, առանձնահատուկ նշանակություն ուներ բոլորիս համար: Հայ զինվորը հայրենիքը պաշտպանում է սահմանին, հայ մարզիկը՝ մրցահարթակում: Եվ ես պատահական չեմ համարում այս օրերին Նորվեգիայում նվաճած 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալները, իսկ այն հանգամանքը, որ մեր հավաքականը մեդալների քանակով դարձավ առաջնության բացարձակ առաջատար, համարում եմ հայ մարզիկների արժանի պատասխանը մեր ռազմատենչ հարևաններին:
Նույն օրերին Թուրքիայում ընթանում էր բռնցքամարտի վարկանիշային մրցաշար, որտեղ նույնպես մերոնք շատ լավ են հանդես եկել՝ նվաճելով օլիմպիական չորս ուղեգիր: Ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքից երկու ուղեգիր բերում են մեր մարմնամարզիկները: Սերբիայում մեկ ուղեգիր էլ նվաճել է ազատ ոճի ըմբիշ Գառնիկ Մնացականյանը:
Փառք ու պատիվ մեր բոլոր մարզիկներին, ովքեր շարունակելով հայ զինվորի գործը, 2016 թվականի ապրիլն իսկապես դարձրեցին հաղթական ամիս և մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հայ ժողովուրդն իր ոգու ամրության, կամքի և հզորության շնորհիվ ողջ աշխարհին ապացուցում է, որ իր բազմադարյա պատմությունը հավերժ է և դեռ երկար է շարունակվելու՝ ի հեճուկս բազմաթիվ թշնամիների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել