Հայրենակից, դու Շառլ Ազնավուրը չես, որ կարողանաս ժողովրդիդ համար ճակատագրական պահին տեսակցել Ֆրանսիայի նախագահին, բայց ինքդ ևս ի զորու ես միջազգային ատյաններում ի պաշտոնե գործող անձանց ի նպաստ հայության տրամադրել: Կա՞ եվրոպական երկիր, որտեղ գոնե մի քանի հարյուր հայ չլինի: Նրանք, ինչպես և աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների մեծ մասը տիրապետում են անգլերենին կամ տվյալ վայրի պետական լեզվին: Պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները ներկայացնողներն ունեն նաև անձնական էջեր սոցիալական ցանցերում: Նամակով դիմեք նրանց: Բացառելով հայհոյանքն ու նախատինքը՝ հակիրճ, փաստարկած ներկայացրեք ձեր ասելիքը: Չթվա՝ Արցախի հիմնախնդիրը բոլորն են խորքով պատկերացնում և կամ գիտակցում արցախահայությանն սպառնացող վտանգը: Ինչպես մենք, նրանք նույնպես հաճախ շփոթում են Բալթյան, Միջինասիական երկրների մայրաքաղաքները: Օրինակ՝ բացատրեք, որ անհնար է համատեղ կեցություն հակառակորդի հետ, որովհետև այդ դեպքում ուղղակի ոչնչացում է սպառնում երկրամասի բնակչությանը, ինչպես եղավ Արևմտյան Հայաստանում, եղավ Նախիջևանում, որ նրանք նույնիսկ մեր նախնյաց հետքերն են մաքրում՝ բուլդոզերի տակ առնելով Ջուղայի գերեզմանոցը, ծիսարանները, եղծում պատմությունը: Կրկնում եմ՝ առանց վիրավորելու, առանց պաղատելու, ոչ ինչպես Ռաֆայել Պատկանյանի խնդրագիրն է լորդ Գլադստոնին, Զորի Բալայանինը՝ Պուտինին: Միմիայն արժանապատվորեն:
Ոմանց պարզունակ կթվա առաջարկը, սակայն մի անտեսեք սուբյեկտիվիզմը. մարդը տրամադրության էակ է, և երբեմն հիշյալ գործոնը կարող է վճռորոշ լինել, ինչի բազում օրինակներ ունի պատմությունը:
Միտքը ծնվեց, երբ Երկիր Մեդիայով հետևում էի Եվրախորհրդարանի լիագումար նիստի ելույթներին: Մի թողեք գործն անգործունակ արտգործնախարարության, Հերմինե Նաղդալյանի, Արտաշես Գեղամյանի, Նաիրա Զոհրաբյանի, նմանների հույսին: Եթե նրանք լավ աշխատեին, այդ դահլիճում չէին հնչի արցախցուն զինաթափելու, մեր հսկողության ներքո գտնվող տարածքներն ազերիներին վերադարձնելու, կողմերի միջև հավասարության նշան դնելու, բռնությունն այդ կերպ խրախուսելու կոչեր:
Բանիմացներ, պաշտոնատար ու հանրաճանաչ անձանց, հասարակական կառույցներին խոսուն նյութեր տրամադրեք, նպաստեք միջազգային կարծիքի ձևավորմանը, ինչն ամենևին չի հակասում գոյակռվի մարտունակ զինվոր լինելու սրբազան պատգամին, այլապես այն, ինչ տարիներ շարունակ արվում է ֆեյբուքի հայագիր հարթակում, մեղմ ասած, անպտուղ ժամավաճառություն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել