Եթե աշխարհը պատկերացնենք որպես մի մեծ դասարան, իսկ պետություններին՝ աշակերտներ, ապա Ռուսաստանը միջակ կարողություններով, բայց ֆիզիկապես հաղթանդամ մի տղա է, ով ցանկանալով ճնշել խելացիներին` ուժով իր կողմն է քաշում բոլոր ծույլիկներին: Նա չի ձգտում միանալ խելացիների ակումբին և դառնալ ավելի կիրթ, այլ ցանկանում է մրցակցել նրանց հետ, վերահսկել նրանց: Սա կոչվում է ջանք, ոչ ըստ խելքի կամ՝ сила есть, ума не надо: Բայց ամենավատը դա չէ: Ամենավատն այն է, որ Հայաստանը դարձել է այս ծույլիկների ակումբի անդամ՝ մնալով հաղթանդամ միջակության հույսին՝ իր բոլոր ծանր հետևանքներով: Ու սա մեր էլիտայի 25 տարվա ընտրությունն է՝ հեշտ միջակության ընտրությունը: Երբ քննարկվում էր ԵՏՄ-ին միանալու հարցը, մեր թամբալներն ասում էին՝ մեզ համար եվրոպական չափանիշները շատ բարդ են, իսկ ահա ռուսական շուկան մեզ ավելի հարմար է, չափանիշներն այդքան խիստ չեն: Ասել է թե՝ մենք ծույլ ենք ու վախկոտ, չենք ուզում զարգանալ ու կատարելագործվել, ուզում ենք անորակ կոշիկ արտահանել Ռուսաստան, իսկ Գերմանիան դա չի ընդունի: Մեր դպրոցական դասագրքերից մինչև բանակի մոդեռնիզացիա՝ այս թամբալ մտածողության արգասիքն են. մի՛ խախտեք մեր ծույլ անդորրը: Քանի դեռ Հայաստանում իշխում է այս մտածողությունը, մենք լինելու ենք ծույլիկների ակումբի անտեսված անդամ:
Հայաստանը պետք է արդիականացնել և փոխել մեր զարգացման տրամաբանությունը, իսկ դրա համար՝ նախ պետք է հաղթահարել այս թամբալ միջակությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել