Լույսերն անջատել են. ինչպես պարզվեց, լույս չկար ամբողջ Արցախում. հիմնական էլեկտրալարն էր վնասվել: Նստել ենք վառարանի մոտ, թեյ ենք խմում` մոմի լույսով մի կերպ իրար դեմք տեսնելով: Եվ ինչպես միշտ, երբ լույսն անջատում են, հիշվում են մութ ու խավար տարիները: Ես այդ տարիներն աղոտ եմ հիշում, աղոտ մոմի լույսի պես:
Հնաբնակ քարվաճառցիները հիշում են նոր տեղափոխված տարիները. առաջին տարիներին Քարվաճառում միշտ էսպես էր: Ով մոմ ուներ, նա հարուստ էր, ով կարողանում էր լամպ վառել, նա հարուստ էր: Ժամանակներ են եղել, որ մարդիկ ռետինե խողովակներ են վառել` լույս ստանալու համար:
Աշխատանք չկար, եթե տնից մեկն աշխատում էր, ուրեմն արդեն ապահովված ընտանիք էր. եթե տանը հաց կար, կոնֆետ կար, ուրեմն այդ ընտանիքը հարուստ էր, հիշողությունների հետեւից գնում է 1999-ից Քարվաճառում ապրող երիտասարդներից մեկը… 
Պատմություններ է հիշում անցած-գնացած Քարվաճառից, պատմություններ, որ արդեն լեգենդի են նմանվում, ու հերոսներն էլ` չես հասկանում` իրական են, թե կիսահորինած…
Դուրս եմ նայում պատուհանից. մութ, քամի, ցուրտ… Պատկերացնում եմ 90-ականների վերջի Քարվաճառն, ու մի անորոշ զգացողություն է պարուրում…
Լույսը միացնում են. հեռախոս, համակարգիչ, համացանց, ամեն ինչ միանում է, ուտելիք կա, տանը ցուրտ չի…
Քարվաճառն օրինաչափորեն զարգանում է:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել