Մի չինական պրովինցիայում վիշապ էր ապրում: Մարդիկ, ամեն ամիս, պարտավոր էին մեծ տուրքեր վճարել և վիշապին տալ ամենագեղեցիկ աղջկան: Միաժամանակ պրովիցիայում ապրում էին քաջ տղաներ, որ բազմիցս ներխուժում էին վիշապի պալատ և կռվում նրա հետ, բայց ամեն անգամ մունետիկը դուրս էր գալիս պալատի պատշգամբ և հայտարարում՝ «Վիշապը ո´ղջ է, հաղթե´ց վիշապը»:
Որոշ ժամանակ անց հայտնվեց մի խիզախ երիտասարդ, որ գնաց վիշապի պալատ՝ իր սիրելի աղջկա հետևից: Սպանելով վիշապին՝ նա գնաց փնտրելու իր հարսնացուին: Պալատի պատերի ողջ երկայնքով շարված էին մեծաքանակ սնդուկներ՝ լցված ոսկով և թանկարժեք քարերով: Ինչքան նա հիանում էր այդ ահռելի հարստությամբ, որն իրեն էր արդեն պատկանում, այնքան նրա մոտ աճում էր պոչը, ճանկերը ժանիքները, թեփուկները… Երիտասարդը ձեռքերը մտցնում էր ոսկու սարերի մեջ և չէր կարողանում կանգ առնել: Այդ ժամանակ պատշգամբի դուռը բացվեց, ներքևում հավաքված էր ժողովրդի բազմությունը:

Մունետիկը, (ինչպես սովորաբար), հայտարարեց. «Վիշապը ո´ղջ է, հաղթեց վիշապը»: Երիտասարդը փորձեց համոզել, որ վիշապը սրից ընկած, հաղթված է: Մունետիկը նրան տվեց հայելին և երիտասարդը նրա մեջ տեսավ սոված և կատաղած վիշապին:

Հ.Գ. Երբ տեսնում ես մերօրյա տարատեսակ «փրկիչներին», պատկերացնում ես նրանց, ովքեր սպանելով վիշապին, իրենք են դառնալու վիշապ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել