Ինչպես միշտ, սույն վերնագրի ներքո ուզում եմ խոսել հայ մտավորականության այն եզակի դեմքերի մասին, ովքեր մտավորականի կոչումը կրելուց բացի, նաև գործունյա մտավորականներ են:
Այս անգամ ուզում եմ մի փոքր հատված մեջբերել ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտի կյանքից ու հայանպաստ գործունեությունից:

Դանիել Երաժիշտը (Գրիգոր Արշավիրի Դանիելյան) ծնվել է 1946 թ. հունվարի 18-ին, Երևանում:

Ուսման սկզբնակետը եղել է Կապանը: այնուհետև ավարտել է Երևանի Չայկովսկու անվան տասնամյա երաժշտական դպրոցի ջութակի դասարանը: 1964 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժին՝ Ժան Տեր-Մերկերյանի դասարան։ Գերազանցությամբ ավարտել է նույն կոնսերվատորիայի երաժշտագիտական (1971, ղեկավար՝ պրոֆեսոր Ռոբերտ Աթայան) և օպերային-սիմֆոնիկ դիրիժորության (1974, ղեկավար՝ պրոֆեսոր Միքայել Մալունցյան) բաժինները։ 1982 թվականին ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրան, որը գերազանցությամբ ավարտել է 1985 թվականին (պրոֆեսոր Գենադի Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ)։

Այժմ խոսենք ամենակարևորի, Դանիել երաժիշտի աշխատանքային և ստեղծագործական գործունեության մասին, որից այնքան շահեց մեր մշակույթը:
1967-1969 թվականներին դասավանդել է Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, 1966-1972 թվականներին՝ Առնո Բաբաջանյանի անվան, 1973 թվականին՝ Լենինականի, 1974-1977 թվականներին՝ Կապանի երաժշտական ուսումնարաններում։ 1994-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

1977-1979 թվականներին եղել է Լենինականի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, որի հետ համագործակցել են նաև դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը և Ալեքսեյ Լյուբիմովը։ 1980-1981 թվականներին Դավիթ Խանջյանի հրավերով եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի ասիստենտ։

1982 թվականից աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության բաժնում որպես նվագախմբի ղեկավար և դիրիժորության դասախոս։ 1993-ից վերստին դասավանդում է կոնսերվատորիայում՝ կամերային անսամբլի, այնուհետև՝ լարային կվարտետի ամբիոնում։ 2001 թվականից կոնսերվատորիայի դոցենտ է։

Հիմնադրման օրվանից (1997) Դանիել Երաժիշտն աշխատում է նաև «Հոգևոր երաժշտության պետական կենտրոնում»։ 2006-2007 թթ. կենտրոնի երգչախմբի դիրիժորն էր (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան)։

Հայաստանում առաջինն է հիմնադրել և ղեկավարել հոգևոր երաժշտության համույթներ՝ Հայհամերգի «Շարականը» («Տաղարան», 1982-1986), Ազգային ռադիոյի «Գանձերը» (1990-1991), և 1991 թվականից՝ կրկին «Շարականը», որի գեղարվեստական ղեկավարն է։ Առաջին «Շարականի» հետ համերգներով հանդես է եկել Մոսկվայում, Լենինգրադում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ավստրիայում։ 1984 թվականին մասնակցել են Նիդերլանդներում կայացած հոգևոր երաժշտության փառատոնին, իսկ 1985-ին՝ Բախի և Հենդելի ծննդյան 300-ամյակին նվիրված փառատոնին՝ Մերձբալթյան հանրապետություններում։

Դանիել Երաժիշտը ելույթներ է ունեցել երգիչներ Լուսինե Զաքարյանի, Գևորգ Հունանյանի, Գրիգոր Համբարյանի, Արմենուհի Սեյրանյանի, Աննա Մայիլյանի և այլոց հետ, կատարել է բազմաթիվ ձայնագրություններ ռադիոյի ֆոնդի համար։ Մոսկվայի «Մելոդիա» ֆիրման թողարկել է «Շարական» մեծ սկավառակ, իսկ ԱՄՆ-ում թողարկվել է լազերային սկավառակ` շարականների, տաղերի, գանձերի իր մշակումներով, որոնք կատարում է Ազգային ռադիոյի «Շարական» համույթը (The music of Armenia, Sharakan, 1996)։

Հայաստանում առաջինն է նվագել բլոկֆլեյտա։ Որպես գնահատանքի արտահայտություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը «Շարական» համույթին նվիրաբերեց «Moeck» մակնիշի բլոկֆլեյտաների քառյակ, որոնք այժմ գտնվում են «Տաղարան» համույթում։

Դանիել Երաժիշտի մշակումները կատարել և կատարում են երգչուհի Հասմիկ Պապյանը, դաշնակահար Վարդան Մամիկոնյանը, Մոսկվայի հայկական կամերային երգչախումբը (ղեկավար՝ Նելլի Անդրեասյան), լիտվացի երգչուհի Գեդրե Կաուկայտեն, «Musica Humana» համույթը (Վիլնյուս), երգեհոնահարուհիներ Լյուբով Շիշխանովան (Բեռլին, Լայպցիգ, Մագդեբուրգ, 1984), Յուրատե Լանդսբերգիտեն (Վիլնյուս, Բեռլին, Երևան), ուրիշները։

Դանիել Երաժիշտի հոգևոր երկերի երգեհոնային տարբերակները Վահագն Ստամբոլցյանի նվագացանկի անբաժան մասն են, որոնք հնչել են Մոսկվայում, Ռիգայում, Սանկտ Պետերբուրգում, ձայնագրվել սկավառակի վրա։

Դանիել Երաժիշտի 400-ից ավելի երաժշտագիտական հոդվածներ ու էսսեներ տպագրվել են Հայկական հանրագիտարանում, «Արվեստ», «Էջմիածին», «Գարուն», «Նոր դար» «Հայաստանի Հանրապետություն», «Հայրենիքի ձայն», «Հայք», «Երաժշտական Հայաստան» և այլ թերթերում ու հանդեսներում, արտատպվել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական մամուլում։ 2010-ից «Իրատես դե ֆակտո» թերթի երաժշտական մեկնաբանն է[2]։ Հիմնադրման օրվանից «Հայ արվեստ» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է, հեղինակ մի շարք հոդվածների, որոնք տպագրվել են նաև «Երաժշտական Հայաստան» ամսագրում։ Լավագույն հրապարակախոսական հոդվածի համար 2006 թ. արժանացել է «Նարցիս» հանդեսի մրցանակին։

2005 թ. Վահագն Ստամբոլցյանի հետ կազմել և հրատարակել է «Երգեհոնային գրքույկ» ժողովածուն, որը պարունակում է հայ կոմպոզիտորների հոգևոր երգեր։

2012 թ. լույս է տեսել Դանիել Երաժիշտի «Ստեփան Լուսիկյան» մենագրությունը։

2013-ին լույս է ընծայել «Կոմիտասը և այլ մեծեր» հոդվածների ժողովածուն։

Հեղինակ է բազմաթիվ երաժշտագիտական հոդվածների և գրքերի՝ «Ամենեն մաքուր հայելին ցեղին...» (2008 թ.), «Հրաշամանուկներ» (2009 թ., 2 հատոր)։

********************************************************
Այսպիսով, պարզ է դառնում Վարպետի մեծ ավանդը ազգային մշակույթի բնագավառում:

Հ.Գ. Դանիել Երաժիշտը կարող էր և չանել այն ամենն, ինչ նշված է վերևում, բայց արեց, որովհետև հայրենիքը, լեզվից բացի, կրում է նաև սրտում:

Ճանաչե՛նք մեր մտավորականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել