Այսօրվա մեր օրակարգի ամենալուրջ հարցն այն է, թե վերջապես ՀՀ Առողջապահության նախարարությունը կհայտարարի «խոզի գրիպ»-ի համաճարակ, թե՝ ոչ: Առկա խնդրի մասով կարծես առավել կարևոր հանգամանք չունենք այսօր: Մինչդեռ դա, բնականաբար, այդպես չէ:
Այսպիսի արհեստական հարցերի շուրջ քննարկում, «կռիվ-ղալմաղալ» սարքելու փոխարեն, կարծում եմ, պետք է առավել օպերատիվ աշխատել հասարակության ամենատարբեր շերտերի հետ՝ հատկապես հանրային իրազեկման, հիվանդության տարածման դեմ կանխարգելիչ քայլերի մասով, օրինակ՝ պարտադիր պայման սահմանելով դիմակներով հանրային այցելավայրերում գտնվելու հանգամանք և այլ քայլեր:
Վերոնշյալի ներքո կարևորն այն է, որ հիվանդության դեմ պայքարող արդյունավետ դեղամիջոց համարվող «Տամիֆլյու»-ի հետ կապված էլ կարծես հարցեր կան: Այն տրամադրվում է միայն հիվանդանոցային բուժման դեպքում: Ի՞նչ է դուրս գալիս, ասենք՝ մարդու մոտ, պարզվում է, «խոզի գրիպ» է, բայց նա պետք է հիվանդանոցային բուժման դեպքում միայն ստանա այդ դեղամիջոցը: Միգուցե պոլիկնինիկաների՞ն էլ պետք էր բաժանել այն, որպեսզի հիվանդության «դեմն առնեին» վաղ շրջանում (բժիշկ չեմ ու դրա հետևանքների մասով, բնականաբար, կարծիք չեմ կարող հայտնել, բայց ներկայումս դեղատներում կա «Տամիֆլյու»-ի լուրջ դեֆիցիտ, որը որոշ մարդկանց մոտ բիզնես շահարկման թեմա է դառնում):
Առկա խնդրի մեկ այլ կողմ է նաև այն, որ այս ամենի մեջ ԶԼՄ-ների դերը մի կողմից կարևոր է, մյուս կողմից՝ վտանգավոր: Հիվանդության դեմ պայքարի մասով իրազեկումը լավ բան է, բայց սրտաճմլիկ բաներ գրելու, մահամերձ մարդկանց նկարներ դնելու, չճշտված տեղեկատվություն տարածելու արդյունքում հասարակության մի զգալի շերտն անիմաստ պանիկայի մեջ է հայտնվում՝ դրանից բխող բացասական հետևանքներով:
Մի խոսքով, հիմա գրիպ ա, տարածվել ա. «խոզի», «թռչնի», թե՝ «փղի», կարևոր չի: Կարևորն այն է, որ պանիկա չսկսվի, պատկան մարմինն իրեն ադեկվատ ու մասնագիտական առումով գրագետ դրսևորի: Խնդիր կա, այն պետք է լուծել: Մալինայով թեյն այս պարագայում այդքան էլ չի օգնում: Դիմեք բժշկի, տարրական մաքրության կանոններ պահպանեք, եղեք ուշադիր ու ֆանտաստիկայի ժանրից պատմություններ մի՛ տարածեք:
Հ.Գ. Ի դեպ, գրիպի «պատճառով» արձանագրված մահերի դեպքերի մի մասի պարագայում հիվանդների մոտ եղել են կյանքի համար լուրջ վտանգ ներկայացնող հարակից հիվանդություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել