Ձյունը երեկվանից դադարել է, սակայն ամենաքննարկվող թեման շարունակում է մնալ ձյունն ու ձյան մաքրման աշխատանքների որակը։
Սիրելի բարեկամներ, հասկանում եմ բոլորիդ, հասկանում եմ ձեր դժգոհությունն ու բարկությունը։
Բայց մի բան չեմ կարող ընդունել՝ անգործության մեղադրանքները։ Չկա նման բան։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Երևանի բոլոր վարչական շրջանների ղեկավարները՝ իրենց աշխատակազմով, բոլոր պատկան մարմինները՝ քաղաքապետի անմիջական վերահսկողությամբ արել են ամեն ինչ՝ առատ տեղումների հետևանքները վերացնելու համար։ Արել են ոչ թե հնարավորության սահմաններում, այլ մի բան էլ ավելի՝ ներգրավելով նաև քաղաքապետարանի ենթակայության տակ չգտնվող կառույցների ռեսուրսները։
Արդարացման պես է հնչում, բայց
3 օր անդադար տեղացող առատ ձյունը կարող է խնդիրներ ստեղծել անգամ ամենահարուստ ու բավարար քանակով ժամանակակից տեխնիկա ունեցող քաղաքների համար։ Բնության դեմ տեխնիկան շատ հաճախ անզոր է։
Ու առավել ևս, չեմ պատկերացնում, որ որևէ եվրոպական քաղաքում քաղաքապետը, նրա տեղակալներն ու շրջանների ղեկավարները տոնական օրով գիշերն անցկացնեին փողոցում ու անձամբ համակարգեին աշխատանքները։
Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ արդյունքը այնքան էլ տեսանելի չէր։ Ու անկախ այս ամենից, կոնկրետ իմ մասով ուզում եմ ներողություն խնդրել Դավթաշենի բնակիչներից և մեր թաղամաս այցելած բոլոր քաղաքացիներից՝ անհարմարությունների համար։
Պարզապես մի խնդրանք-հորդոր. զերծ մնացեք վիրավորանքներից ու ինքնապատակ ձևով մեղավորներ գտնելու գայթակղությունից։
Իսկ առողջ քննադատությունն ու քաղաքային իշխանությանն ուղղվող պահանջների ավելացումը միայն կարող է ուրախացնել։ Որովհետև քաղաքացին դժգոհում և պահանջում է նրանից, ում հետ հույս է կապում և հավատում, որ նա կարող է ավելին անել։
Այնպես որ, շարունակեք պահանջել ավելին ու մատնանշեք միայն մեր աշխատանքի թերությունները. սրանից մեր աշխատանքն ավելի արդյունավետ է դառնալու։ Միայն, կրկնում եմ, առանց չարության և վիրավորանքների։
Թերևս այսքանը։
Շնորհավոր բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Առողջություն, հաջողություններ և ջերմություն բոլորիդ ընտանիքներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել