Գիտեք՝ որն է զարմանալի, այն, որ ժամանակի միաձայն վստահությանն արժանացած մարդիկ կորցնում են այդ նույն այդ վստահությունը: Կորցնում են աստիճանաբար կամ շեշտակի մի դիպվածի, իրողության բերումով: Բայց այստեղ միայն գործիչների վարքագիծը քննարկել ու միայն նրանց մեղադրել չէ, որ ուզում ես: Ժողովուրդն ինքը մի բազմագլխանի հիդրա է: Նրա սրտում հեշտ է տեղ գտնում հիացումը, երբեմն առանց ոչ այդքան կարկառուն, հիմնարար գործոնների: Նույն կերպ էլ նրանք գահավեժ են անում երբեմնի իրենց առաջնորդներին: Ժողովրդի այո-ն այո է ու շատ կատեգորիկ, ողջ էմոցիայի, գունային գամմայի կտրուկ խտացմամբ: Նույն կերպ էլ համարյա մի քայլ է ժողովրդի աչքում սիրուց դեպի ատելություն, անվերապահ պանծացումից դատապարտում իջնելը: Սև ու սպիտակ է մեր ժողովրդի մտածողությունը, ու միջնամասերը լցնելու տեղ այլևս չի լինում, կամ թե նույն սևն ու սպիտակն են տարածվում նաև դրանց վրա: Հիշենք երկու քաղաքական գործիչներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Արտաշես Գեղամյանին: Ինչ ու ինչ կերպ եղավ Արտաշես Գեղամյանի դեպքում, ով ոչ այնքան վաղ անցյալում նախագահական պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկն էր: Ու... այժմ ժողովուրդը պարոն Գեղամյանին նույն կերպ չի ընկալում: Բայց չէ՞ որ ամեն ինչ եղավ շատ աննկատ: Աննկատ և իր Արտաշես Գեղամյանի համար: Նախագահականի քարոզարշավին Ա. Գեղամյանն իր ողջ ներուժն ուղղեց Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարին՝ այդպիսով նաև չեզոքացնելով մրցարշավի իր հնարավորությունները: Ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանին քննադատելը մտերմացրեց Արտաշես Գեղամյանին ու Սերժ Սարգսյանին: Հետզհետե հալվեց նախկին սառույցը: Գրեթե աննկատ ներքին ընդհանուր հող ու համակրությունների մեկնարկային դաշտ առաջացավ: Նախագահը լավ խոսեց Գեղամյանի որդիների մասին՝ նրանց բանիմացությունն ու ուշիմությունը որպես պետ. ծառայող օղակներում աշխատելու, պատրաստական լինելու երաշխիք դիտելով: Հետզհետե Արտաշես Գեղամյանը մաս կազմեց իշխանական օղակի՝ սկզբում ինքը ևս շարունակելով քննադատել: Հետո դա դարձավ անհնար: Անուղղակի ճնշումն ուժեղ է, ու կա անխոս պարտավության կանխադրույթ: Արտաշես Գեղամյանը չդավաճանեց, ես վստահ եմ, նա նույն սկզբունքներն ու խնդիրներն արտահայտող քաղաքական գործիչն է, նույն սրտահույզ մոտեցմամբ: Ընդդիմադիր լինելը նրա ներքին մոտեցումն ու նկարագիրն է, իրերի իր ըմբռնումը... ամեն ինչ աննկատ եղավ... Ու ահա անցավ ժամանակ, ու գիտե՞ք՝ եթե մեղմ ասենք, մարեց ժողովրդի վերաբերմունքը պրն Գեղամյանի նկատմամբ: Րաֆֆի Հովհաննիսյանը. Երբ Ժառանգությունը համարեց, որ ընտրությունները կոպիտ կեղծիքներով են անցել, ու երբ ժողովուրդը (ոչ այն է ժողովուրդը, այլ նրա մի ոչ ստվար հատվածը, լինենք անկեղծ) հավաքված էր Ազատության հրապարակում, կար երկու ելք. կամ հեղափոխություն, որն ի վերջո արյունահեցություն էր, կամ «քաղաքակիրթ» սահմանադրական ճանապարհով լուծման հնարավորություն: Րաֆֆին առաջարկեց ժողովրդին առայժմ հեռանալ: Նրան սուլեցին: «Ի՞նձ եք սուլում,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը,- այո, կարող եք և ինձ սուլել»: Այդ դեպքում, լինելով ծանր երկընտրանքի առջև, Րաֆֆին, ի համաձայնություն ժողովրդի պահանջի (որ ինքն էլ չգիտեր՝ ինչ է ուզում), դիմեց վճռական քայլի, ասաց՝ շարժվենք դեպի նախագահական: Ուր էին գնում, ինչ էր լինելու, ինչ կլիներ, եթե ոստիկանները չարգելափակեին, ժողովուրդն ինքն էլ չգիտեր: Բայց եղավ այն, ինչ եղավ: Ոստիկանները փակեցին ճանապարհը: Այդ դեպքում ժողովուրդն ինչո՞ւ ուժի միջոցով չգնաց առաջ, տարբերակ է, չէ՞: Քիչ էի՞ն, վախեցա՞ն: Եթե Րաֆֆին այդ կարգադրությունը տար, դուք մինչև վերջ գնալու էիք նրա հետ: Թե՞ քաղաքակիրթ ու մտավորականի նախադրյալներով քաղաքական գործչին թողնելու էիք ոստիկանական մամլիչի առաջ մեն-մենակ՝ աստիճանաբար ամեն մեկդ իր գլուխն առնելով ու ցրվելով: Եկեք սկզբից վերլուծենք ինչն ու ինչպեսը: Հեշտ է իդեալներ սարքել, հեշտ է նաև կործանել նրանց: Բայց դժվար է հավաստի այն հաստատուն հողը գտնել, որի վրա հիմք դնելով՝ երբեք չենք հիասթափվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել