Երեկվանից խիղճս ու հոգիս անհաշտ կռվի մեջ են մտել ինձ հետ: Չեմ կարողանում այն մտքի հետ համակերպվել, որ տրոլեյբուսի կին վարորդը, վրաերթի ենթարկելով 2 քաղաքացու, ակամայից հայտնվել է մեղադրյալի աթոռին: Ցավակցելով մահացած քաղաքացու հարազատներին և առողջություն մաղթելով մյուս հետիոտնին՝ պետք է նշեմ, որ հաճախ հետիոտներն իրենք են հատում փողոցը չթույլատրված վայրով՝ վտանգելով իրենց կյանքը և մեղքի տակ գցելով վարորդներին: Տիկնոջ վարած տրոլեյբուսից, հատկապես ուսանողական տարիներին, շատ եմ օգտվել, ամեն անգամ նրան տեսնելով ղեկի առջև՝ մի տեսակ հպարտություն եմ ապրել: Նա առանց տրտնջալու վարորդին բնորոշ ծանր աշխատանքը կատարում էր մեծ սիրով, նա իր գործի նվիրյալն էր: Իմ կարծիքով՝ ինչպես ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունը, այնպես էլ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը պետք է իրենց նյութական ու բարոյական օգնությունը ցուցաբերեն ինչպես վրաերթի հետևանքով տուժած հետիոտների ընտանիքներին, այնպես էլ տրոլեյբուսի կին վարորդին, քանի որ վերջինս  տասնամյակներ շարունակ առավոտից մինչ ուշ երեկո իր աշխատանքով ծառայել է մայրաքաղաքի բնակիչներին: Իսկ ճանապարհատրանսպորտային մարդկային կորուստներով դժբախտ պատահարներից խուսափելու համար բոլոր քաղաքացիները պարզապես պետք է հիշեն՝ վերգետնյա և ստորգետնյա անցումները մայրաքաղաքի ճանապարհները զարդարող դեկորներ չեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել