Վանաձորի գերեզմանատան մոտակայքում ապրող 5-ամյա փոքրիկն ու իր ընտանիքն օգնության կարիք ունեն (ֆոտո)Վանաձոր քաղաքի բնակիչ, 25-ամյա Սյուզաննա Ռեւազյանն իր երկու մանկահասակ երեխաների հետ հայտնվել է լուրջ վտանգի առաջ: Սյուզաննայի 5-ամյա աղջիկը տառապում է սուր բրոնխիալ ասթմա հիվանդությամբ:

«Ես ամուսնալուծված եմ, ամուսինս Մոսկվայում ուրիշ ընտանիք ունի, ոչ մի օգնություն չի ցուցաբերում իր երեխաներին, նույնիսկ չի զանգում՝ իմանա, թե իր երեխեքը ոնց են»-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում պատմեց Սյուզաննան` հավելելով, որ ինքը երկու տարուց ավելի է, ինչ ամուսնալուծված է, այժմ ապրում է երկու մանկահասակ երեխաների՝ 3-ամյա Արայի եւ 5-ամյա Մալենայի հետ, կիսախարխուլ տնակում, որը գտնվում է Վանաձորի քաղաքային գերեզմանոցի անմիջապես հարեւանությամբ:

Մինչ տնակ տեղափոխվելը Սյուզաննան երեխաների հետ ապրել է Դարպաս գյուղում՝ ուրիշի տանը, այդ ընթացքում ծնողները խնամել են փոքրիկներին, ինքն էլ տներ մաքրելով փորձել է գումար վաստակել: «Հետո տանտերը եկավ Ռուսաստանից ու մեզ խնդրեց դուրս գալ, ես  էլ, որ իմացա էս դոմիկը կա, ուրախացա, ասեցի վարձ չենք տա, վրան մի 2 գործ արեցինք ու տեղափոխվեցինք էստեղ»,-պատմեց նա:

Նարեկացիի փողոցի վրա գտնվող խարխուլ տնակում ապրում են արդեն երեք տարի, տեղափոխվելուց անմիջապես հետո 5-ամյա աղջնակի մոտ վիճակի սրացում է նկատվել: «Անընդհատ բժիշկ էինք կանչում, չէին հասկանում՝ ինչից է, հետո տարածքն ուսումնասիրել են ու նույնիսկ թուղթ են տվել, որ երեխու համար էս պայմանները կարող են մահացու լինել,-պատմում է Սյուզին ու հիշում,-քանի անգամ եղել է, որ նույնիսկ բժիշկները դուրս չեն գրել` խոնավ ու ցուրտ տնակի պատճառով, հետո մասնագետներն ասում են, որ էս դոմիկն արդեն քայքայվել ա»:

25-ամյա մոր պատմելով` աղջնակը շատ թանկ դեղորայք է օգտագործում: Պետության կողմից ստանում է աղջկան տրվող 18 հազար դրամ թոշակ եւ 28 հազար դրամ նպաստը: «Բայց միայն մի դեղին տալիս ենք 18 հազար»,-ասաց նա:

Երկու երեխաների մոր ցանկությունը միայն մեկն է. դուրս գալ այս տնակից, որտեղ իրենք հիմա ապրում են եւ որն այդքան վտանագավոր է 5-ամյա երեխայի առողջության համար. «Ես ոչինչ չեմ ուզում, ես մի կերպ յոլա կտանեմ, ես միայն ուզում եմ, որ երեխես էս դոմիկից դուրս գա, որ իր բուժումներն օգուտ տան»:

Սյուզաննա Ռեւազյանի փոխանցմամբ ինքը դիմել է բոլոր պատկան մարմիններին, քաղաքապետարանից առաջարկել են տեղափոխվել հանրակացարան, որին Սյուզին համաձայն չէ, իսկ մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների վարչության պետ Նարեկ Սարգսյանը խոստացել է Ամանորից հետո որոշ հարցերի լուծում տալ: Մնացած բոլոր պաշտոնյաներն էլ պարզապես մանկատան հասցեն են ցույց տվել: «Ես նման բան կյանքում չեմ անի, ես իմ երեխեքին չեմ տա»,-եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել