...Եվ ես հայտնվեցի ճաղերի ետևում, իսկ երեխաս՝ վերակենդանացման բաժանմունքում (մաս 1)
Սառը ու ցուրտ մի վայր, նույնիսկ թշնամուս չեմ ցանկանա, որ նա հայտնվի այստեղ: Կյանքն այստեղ միապաղաղ է ու անհետաքրքիր: Ճաղերի ետևում դու սկսում ես գնահատել քո կյանքն ու հետևություններ անել կյանքում իրականացրած արարքների համար: 
Ներեցեք, մոռացա ներկայանամ. ես Արմենն եմ, 35 տարեկան: Ես ունեի աշխատանք, ընտանիք՝ սիրող կին ու գեղեցիկ դուստր:
Այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ, որևէ մեկիդ չեմ ցանկանում: 
Ամառային կիրակիներից մեկն ընկերներով որոշեցինք անցկացնել քաղաքից դուրս՝ հանգստանալու ու հայկական ավանդական խորոված վայելելու: Եթե անկեղծ, սկզբից ցանկանում էինք մեկնել Ծաղկաձոր կամ Աղվերան՝ ռեստորաներից մեկում վայելելու մեր հանգիստը, բայց վերջին պահին ընկերներիցս մեկն առաջարկեց մեր հանգիստը վայելել բնության գրկում: 
Առավոտյան արթնացանք, բոլոր անհրաժեշտ գնումները կատարելուց հետո ճամփա ընկանք: 
Տեղ հասնելուն պես, ինչպես բոլոր հայկական ընտանիքները, այնպես էլ մենք ամեն մեկս մեր գործին անցանք՝ կանայք՝ սեղան գցելու նախապատրաստական աշխատանքներին, իսկ մենք՝ խորոված անելու համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներին: 
Ամեն ինչ լավ էր, իրականում հանգստանում էինք՝ ասում-խոսում, քննարկումներ անում, երեխաներն իրանց համար խաղում էին... 
Եկավ ժամանակը, երբ պետք է սեղան նստեինք... Ուռա՜: Ամեն ինչ պատրաստ էր: 
Ամեն ինչ շատ համով էր, կենացներ էինք ասում ու խմում... Հայի խասյաթի համաձայն՝ խեր, շառ, Աստված... խեր, շառ, Աստված... խեր, շառ, Աստված... կանանց կենացը, ծնողների կենացը, երեխաների կենացը... 
Չնկատեցինք, թե ինչպես անցավ այդ հրաշալի օրը, ու արդեն տուն վերադառնալու ժամանակն էր: Ընկերներից ամենաչխմողը խորհուրդ տվեց մեքենաները կանգնացնել մոտակա ավտոկայանատեղիում ու տաքսիներով վերադառնալ քաղաք՝ մյուս օրը հետ գալու ու մեքենաները հետ բերելու պայմանով: 
Յա, դե իհարկե, հայ տղամարդ լինելով հանդերձ՝ մենք բոլորս սկսեցինք խնդալ մեր ընկերոջ վրա ու ասել. «Չէ, ախպեր, ես հանգիստ իմ համար կգնամ տուն... Ես ավտոս ստեղ չեմ թողնի, ես էդքան էլ խմած չեմ: Համ էլ 80 կմ էղածն ի՞նչ ա, շատ շուտ կհասնեմ տուն»... Ու նմանատիպ խոսքեր ասելով՝ ես ու ընտանիքս նստեցինք իմ մեքենան... 
Շարունակելի....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել