Այսօր ողջ օրվա ընթացքում հետևում եմ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի առանձնատներից մեկում իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում ձերբակալված կազմակերպված հանցավոր խմբի վերաբերյալ լուրերին։ Սակայն նշված լուրի մասին ֆեյսբուքահայության արձագանքներն այնքան հետաքրքիր էին, որ մի պահ լուրն ամբողջությամբ անցավ հետին պլան։ Միաժամանակ կարդալով լրատվական կայքերում նշված իրադարձության վերաբերյալ նոր հանգամանքները և դրանց հիման վրա ֆեյսբուքյան ստատուսները՝ ինքս սկսում եմ երրորդ անձի աչքերով նայել ստեղծված իրադարձություններին։ Մասնավորապես գալիս եմ այն ենթադրության, որ ՀՀ-ում բնակվում է մի զանգված, որ ցանկացած պատրվակով պատրաստ է քլնգելու իշխանությունների կողմից իրականացավող ցանկացած գործողություն (լավ, թե վատ)։ Շատ հետաքրքիր մարդիկ են։ Նրանք պատրաստ են իրենց հատուկ ցինիկությամբ մի խումբ մարդկանց տաժանակիր և կյանքի համար ռիկսով լի հատուկ գործողությունը կրկեսային շոու անվանել և իրենց անհիմն (բայց իրանք անպայման կպնդեն, որ դրանք լուրջ հիմնավորումներ ունեն, քանի որ իրենք Ոստիկանությանը և ԱԱԾ-ին մոտ կանգնած աղբյուրներ ունեն) հայտարարություններով նմանատիպ կարծիքներ ձևավորել նաև շրջապատող անձանց շրջանում։ Ոչ, այստեղ նույնիսկ վիրավորական չի այդ մարդկանց դատարկ պոռոտախոսությունը (ավելի ճիշտ՝ պոռոտագրությունը), այլ այն փաստը, որ եթե այդ շոուի մասնակիցները հասցնեին գործի դնել այդ «շոումենական» զենք-զինամթերքը, այդ նույն մարդիկ իշխանությունների դեմ հանդես էին գալու բոլոր հնարավոր ինֆորմացիոն աղբյուրներում և մարտ ամսին փողոցներում զվռնող կատուների նման վայնասուններով հայտարարեին, թե «ուր ա պետությունը», «ուր ա ոստիկանությունը», «ուր ա այդ գրողի տարած ԱԱԾ-ն», «ինչու նրանք մեզ չփրկեցին, ինչու չկանխազգուշացրեցին, բա մենք խի են հարկեր մուծում, գնանք, փակենք Նալբանդյան փողոցը» և այլն։ 
Մի խոսքով, ինչպես ասվում էր հայտնի ֆիլմում՝ «за державу обидно».

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել