Ալյուրի հարստացման հետ կապված՝ ժողովրդի շրջանում սուր հետաքրքրությունն ու անհանգստությունը չի նվազում: Չէ՞ որ թեման ուղղակիորեն կապված է մեր առողջության հետ: Հարստացման կողմնակիցները պնդում են, որ սոցիալական պայմանների բերումով, թերսնուցման հետևանքով ժողովրդի մոտ կա վիտամինների, հանքանյութերի ու միկրոտարրերի ընդգծված սակավություն. եկեք մի քանի պարզ դիտարկում կատարենք։ Առաջին՝ ընդունենք, որ բնակչության մի զգալի մաս, այսպես թե այնպես, բարվոք (լավ) է ապրում ու կարող է իրեն թույլ տալ նորմալ սնվել, հետևաբար նրանց համարյա պետք չեն այդ հավելումները: Երկրորդ. թերսնուցում ասվածն արդեն իսկ հարաբերական մի բան է. Միաժամանակ այդ գաղափարն ընդունել որպես չափանիշ, իբրև թերսնուցման հետևանքով բոլոր մարդիկ կարիք են զգում առանձին հավելումների, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէր լինի: Երրորդ. հղիներն ու հիվանդներն առանձին կատեգորիա են: Նրանց համար կարող է նախատեսված լինել առանձին ապրանքանիշ կրող սնունդ (հավելումով)։ Չորրորդ. ու ի վերջո, եթե ենթադրենք, որ մարդիկ իրոք այդ ամենի անհրաժեշտությունն ունեն, բայց չէ՞ որ վիտամինները, հանքանյութերն ու միկրոտարրերը պետք է ընդունել որոշակի քանակով, որոշակի ժամկետում, որոշակի չափաբաժնով ու բժշկի հսկողությամբ, համապատասխան դադարներով: Ընդունել վիտամիններն ամեն օր, այն էլ սննդի մի այնպիսի տեսակի մեջ, ինչպիսին հացն է, հակասում է ցանկացած բժշկագիտական փաստի և առողջ տրամաբանության: Այստեղ բաց է թողնված նաև անհատականության գործոնը, ոչ միայն առողջապահական (ֆիզիկական) առումով, այլ նաև մարդկային` մարդկանց ազատ ընտրության: Ի վերջո, կարող են առանձին փաթեթավորմամբ հացեր կամ այլ մթերքներ թխել, արտադրել, որոնց վրայի տարբերանշանը կվկայի վիտամինային հավելման մասին, և ժամանակ առ ժամանակ քաղաքացիներն, ինչու չէ, կօգտվեն նման արտադրանքից: Բայց ի՞նչ է նշանակում դա անել այդպես համատարած կերպով: Իսկ արևմտյան շատ երկրներ արդեն վաղուց հրաժարվել են այդ մոտեցումից՝ հաշվի առնելով քաղցկեղի առաջացման և բոլոր այլևայլ բացասական հետևանքները: Նրանք մտածում են իրենց մասին, իսկ մենք մեր մասին չե՞նք մտածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել