Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, թե Նախագահի՝ Նյու-Յորք կատարած այցը և հանդիպումները շատ արդյունավետ էին:

 «Այցը արդյունավետ էր, թե՛ այցը, թե՛ հանդիպումները, թե՛ ելույթները ցույց տվեցին, որ համահայկական առաջնորդի ելույթ էր և այց, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներով մտահոգված առաջնորդի ելույթ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

 Մանրամասնելով իր խոսքը՝ Շարմազանովն ասաց, թե Նախագահն իր ելույթում հստակ նշել է, որ ցեղասպանության միջազգային դատապարտումը չի ավարտվում 100-րդ տարելիցով:

 «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը ներդնել ընդդեմ ցեղասպանության երևույթի և հանուն ժխտողականության դեմ պայքարի»,-ասաց ՀՀԿ խոսնակը:

 Անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնում ՀՀ Նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին ելույթին, Էդուարդ Շարմազանովն ասաց, թե Նախագահը հստակ ընդգծեց, որ Ադրբեջանն է խաղաղ բանակցությունները փակուղի տանող երկիրը, Ադրբեջանն  է իր տեռորիստական գործունեությամբ փակուղի տանում բանակցությունները և Ադրբեջանն է, որ չի ցանկանում մոնիտորինգ անցկացնել շփման գծում:

«Նախագահը նշեց նաև, որ հենց Ադրբեջանն է արհամարհում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հինգ հայտարարությունները՝ ավելացնելով, որ եթե միջազգային իրավունքը, միջազգային հանրությունը և համանախագահները չեն կարող սանձել Ադրբեջանին, որպեսզի նա վերադառնա դեպի կառուցողական հուն, ապա Հայաստանի Հանրապետությունը, օգտվելով իր բոլոր իրավական և ռազմաքաղաքական հնարավորություններից, կստիպի հակառակորդին, որպեսզի նա հարգի խաղաղությունը»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով Նախագահի ելույթի՝ տարածաշրջանային շեշտադրումների մասին, ՀՀԿ խոսնակն ասաց, թե «տեսանք խաղաղություն քարոզող առաջնորդի ելույթ, տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակով մտահոգ առաջնորդի ելույթ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել