Այսօր Արարատի մարզի խաղողագործները փակել էին Երևան-Արարատ մայրուղին և պահանջում էին մթերել իրենց խաղողի բերքը: Մոտ մեկ ու կես ժամ փակ պահելուց հետո գյուղացիները համաձայնել են բացել մայրուղին: Նման որոշում ընդունելը պայմանավորված է եղել վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցով: Վերջինս եկել էր բողոքող գյուղացիների հետ հանդիպման և քննարկել էր խնդրի էությունը:

Իրականում կան մի շարք օբյեկտիվ պատճառներ, որոնք առաջացրել են մթերման պրոբլեմ: Գյուղացին աշխատել է, տանջվել, կուտակել է վարկեր և չի կարողանում իրացնել բերքը, մյուս կողմից` մթերող հիմնական կազմակերպությունները ՌԴ շուկայի ցնցումների պատճառով կորուստներ են ունեցել: Սթափ դատելու պարագայում հնարավոր չէ կողմերից և ոչ մեկին մեղադրել: Պետությունը պետք է կարգավորիչ գործողությունների դիմի, բայց ամբողջությամբ համակարգել ազատ շուկայական տնտեսությունը, մեղմ ասած, հնարավոր չէ:

Վարչապետը խոստացել է շրջայց կազմակերպել և տեղում զրուցել հիմնական մթերողների հետ, հորդորել, որ հնարավորությունների սահմաններում աջակցեն գյուղացուն: Խնդիրը համակարգային է, և հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է ունիկալ լուծումներ գտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել