Կիրքը նվագում է մեր հոգին, մեղմ իրար տալիս մոլորված մեղեդիներ անքուն, գիշերվա գրկում արտացոլում քնքուշ մենակություն, լռություն է անվերջ նվագում: 
Շուրթերդ բեր, շուրթերիս թանաքը գրվել է ուզում, գրվել մի ինչ-որ դատարկ էջի վրա, բեր շուրթերդ, թող մնացած իմ անապատը լոկ ծակի այն, բե՛ր, ա՛խ բեր, թող որ իրոք կարոտ շուրթերով շուրթերիդ ապրեմ, գրկեմ շուրթերդ, գրկեմ ու սառչեմ, մոռացվեմ, լոկ մի պատմություն դառնամ ու գրվեմ քո շուրթերին:
Ասելիքներս չեն ավարտվի, մեր անապատ մարմինը չի փլուզվի, փոշին չի ծածկի հոգիդ, փոշին չի պատի սիրտդ, ու կպչուն կյանքի նման կհավերժանամ լոկ քո մարմնին, ա՛խ քո աչքերը` հոգուդ հայելին, որի մեջ ես եմ ինքս ինձ տեսնում, բայց կողպել ես աչքերդ լուռ, մենությանը տրվել ու լոկ մենության ծովում խորտակված նավի նման ամայացել: Արի դառնամ քո նավապետը, շարժեմ մարմինդ ու լող տանք միասին, այս անհույս ծովում, նավակ հոգումդ ես ինչպե՞ս տեղ անեմ, երբ միայն իմ սիրտն է տեղավորվում, զարմանում եմ ինչպե՞ս կարելի է անսահման սրտով փոքրիկ սիրո մեջ տեղավորվել, իսկ փոքրիկ մարմնով` ոչ մի տեղ: Ա՛խ այս կյանքը … Տեսնես ո՞վ է տերն ամենի, ա՛խ գուցե մենք էլ մի նավակ ենք`անսահման ծովում խորտակված նավակ: 
Քո շուրթերին մի պատմություն ունեմ, որ մնացել է քեզ մոտ, քո շուրթերին ես սեր ունեմ պահած թաքուն, ա՛խ քո շուրթերին ես ասելիք ունեմ, մի չսպիացած պատմություն ունեմ… Ուզում եմ շուրթերիդ ամեն մի գիծը մեղմ կարոտ լարի, ուզում եմ քո շուրթերի ամեն գույնը խառնվի անգույն իմ շուրթին, ա՛խ ինչ ասեմ, եկ քեզ համբուրեմ, գրկեմ շուրթերդ ամուր, ու պատառոտեմ պատմությունս հին, պատառոտեմ քո շուրթերին` մե՛կ մեղմ քամու նման շոյեմ զեփյուռով, մե՛կ ահարկու փոթորկի նման ավիրեմ: Լռեցրու իմ այն պատմությունը հին, որ մնացել է իմ շուրթերին, լռեցրու լեզուս քո անուշ հոգով, թո՜ղ, թո՜ղ իմ մենությունը, թող որ շուրթերիդ պատմեմ, ախ պատմեմ չսպիացած մի պատմություն, ու թողած հետքերս գրկեմ հեռանամ, թող որ շուրթերդ ապրեմ..
Պատել է հոգիս, պատել է մշուշը քո… Քո մշուշից խոնավությունը լվանում է աչքերս, քո մշուշը` տաքացնում սառնությամբ, մի օթևանի պես մի աշխարհ ստեղծում կյանքից հեռու, ու քո մշուշը, ա՛խ պարում է, պարում է մարմնիս, խլացնում ձայները հեռվում, լռեցնում աշխարհի տնքոցը, ա՛խ քո մշուշը ինչ-որ մի մեղմ շոյանքով պատում է հոգիս ու տրվում ինձ` մե՛կ գրկում սիրում, մե՛կ նեղացած հեռանում ու փոթորկի նման կարոտից վազում` մե՛կ առաջ, մե՛կ հետ, սիրուց նա կմկմում է, բայց վերջում նորից իմ գիրկն է գալիս: Մե՛կ ուզում է սիրել, մե՛կ ուզում է ստել, ա՛խ քո մշուշը, որ պատել է հոգիս ու բաց չի թողնում, մե՛կ գրկում է, մեղմ սեր արտասանում, մե՛կ կարոտ ու կույր աչքերով հոգիս բանում, մե՛կ նեղանում-հեռանում, բայց վերջում, ա՛խ քո մշուշը վերջում նորից ինձ է պատում …
Բայց ես լռում եմ, հեռու հեռվում թողնում ինքս ինձ: Թող իմ պատմությամբ պատեմ հոգիդ, դարեր ապրեմ, լոկ սառած քո մարմնին ու շուրթերին թևածեն անտուն մի համբույրի պես ու գամ, սոսնձվեմ ես քո շուրթերին:
Ախ, իմ էություն, քեզանից միայն մշուշ եմ ուզում, հեռու աշխարհից ու կյանքից այս ցուրտ, ուզում եմ մշուշը քո հոտը բերի, քո բույրով ինձ անվերջ ծածկի:
Թող ասելիքս շուրթերիդ թողնեմ ու հեռանամ, թող որ չորությունս քանդեմ շուրթերիդ ու մարմնիդ: Ա՛խ իմ էություն ու մի մեծ քնքշություն ..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել