Tert.am–ը գրում է.

Ամերիկյան The Huffington Post-ը արձանագրում է, որ Քարդաշյանների «կլանը» արդեն պատրաստվում է իր հնարավոր «նախագահական կարգավիճակին», այն բանից հետո, երբ այսօր Քիմ Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթը հայտարարել էր, որ կպայքարի ԱՄՆ-ի նախագահի աթոռի համար 2020-ին:

Այս ֆոնին աղբյուրը առաջարկում է պատկերացնել Քիմին` առաջին տիկնոջ, Քանյեին` ԱՄՆ-ի նախագահի դերում... համենայն դեպս Քարդաշյանների ընտանիքում դրան կարծես  լուրջ են վերաբերվում. Քիմի քույրերը սոցցանցերում արդեն համապատասխան «ագիտացիոն» նյութեր են տարածում` «Քանյե Ուեսթ` նախագահ» կարգախոսով:

Իսկ Քարդաշյանների իրապատում-շոուն հեռարձակող E! մեդիահոլդինգն արդեն ըմբոշխնում է Սպիտակ տնից նորանոր սեզոններ հեռարձակելու հնարավորությունը: Աղբյուրը ենթադրություն է հայտնում, որ այդ ժամանակ Քարդաշյանների շոուն կկոչվի օրինակ «Քանյե և Քիմ. հասնել Սպիտակ տանը»:

Աղբյուրը հիշեցնում է նաև, որ միայն Քանյեն չէ, որ քաղաքական ամբիցիաներ ունի. տարիներ առաջ լուրեր էին տարածվել, որ Քիմը պատրաստվում է դառնալ Գլենդեյլի քաղաքապետը: 2012-ին Սպիտակ տանը մի ընթրիքի ժամանակ այդ առիթով հարցերին Քիմը բոլորին առաջարկել էր «հետևել և տեսնել»: Ի դեպ, Գլենդեյլի քաղաքապետի ընտրությունները 2017-ին են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել