ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում, որը տեղի է ունենալու առաջիկա երկուշաբթի` օգոստոսի 31- ին, նախատեսում է հավանություն տալ «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին:
Գործող իրավակարգավորման պայմաններում հարկային մարմիների կողմից ՀՀ օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունը և եկամուտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու դեպքում լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից 10 տոկոս մասհանվում է հարկային մարմնի զարգացման և պարգևատրման ֆոնդի հաշվին:

Այն օգտագործվում է մարմնի նյութատեխնիկական ապահովվածության, օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումներ իրականացնելիս ծախսեր կատարելու, հարկային մարմինների աշխատանքում ներդրում ունեցողների դրամական պարգևատրման և օգնության, օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ գնումների իրականացման և շենքերի, շինությունների ու աշխատանքային պայմանների բարելավման համար:

Գործող օրենքով սույն կարգավորումը տարածվում է նաև պետական կառավարչական հիմնարկների (ՊԿՀ), ՊՈԱԿ-ների, համայնքային ՈԱԿ-ների, 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների և 100 տոկոս` համայնքային սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների վրա, որոնց գործունեությունը ֆինանսավորվում է պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին: Արդյունքում պետական և համայնքային բյուջեի հաշվին գանձվող լրացուցիչ գումարները փոխանցվում են պետբյուջեից ֆինանսավորվող ՊԿՀ-ի զարգացման և պարգևատրման ֆոնդ:

Ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է ՊԿՀ-ներից, ՊՈԱԿ-ներից և համայնքային ՈԱԿ-ներից, 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ներից և 100 տոկոս` համայնքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ներից գանձվող լրացուցիչ գումարներից հարկային մարմնի զարգացման և պարգևատրման ֆոնդի հաշվին մասհանում չկատարել և ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական բյուջե:

Կառավարության հավանությունն ստանալու դեպքում օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեում կձևավորվեն լրացուցիչ միջոցներ, որոնք կուղղվեն անհրաժեշտ այլ ծրագրերի իրականացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել