Tert.am-ը գրում է.

ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին հաստատում է Իրան-Հայաստան երկկողմ բանակցություններն ակտիվացել են՝ ի պատասխան Tert.am-ի հարցին, թե արդյոք Հայաստանի հետ նախատեսվում է բանակցությունների  փուլի ակտիվացում՝ ստեղծված նոր իրավիճակից ելնելով, երբ Իրանն ու Արևմուտքը, ի վերջո, համաձայնության են եկել:

«Այո, կա ակտիվություն և մոտ ապագայում մեր փոխնախագահը գալու է Հայաստան: Հույս ունենք, որ նման պաշտոնական այցերը կօգնեն մեր երկու երկրների միջև մեծացնել առևտրաշրջանառության ծավալները»,- ասաց նա: Դեսպանի խոսքով՝ նախատեսվում է նաև մինչև տարեվերջ Իրանի նախագահ  Հասան Ռոհանիի այցը Հայաստան:

Մոհամմադ Ռեյիսին հավատացրեց, թե նոր հնարավորություններ ստանալով՝ Իրանը երբեք չի ստորադասի Հայաստանի հետ հարաբերությունները: «Հայաստանի նման կարևորություն ունեցող երկրին Իրանը երբեք բաց չի թողնի ձեռքից: Հայաստանը մեզ համար տարածաշրջանում շատ կարևոր դեր ունի, դժվարություններ են այս տարիների ընթացքում առաջ եկել, որը պետք է վերացվի: Բանակցում ենք և հուսով ենք, որ լավ ընթացք և վերջավորություն կունենանք Հայաստանի հետ: Մեր առաջնահերթությունները մեր հարևան երկրների հետ է»,- ասաց նա: 

Դեսպանը նշեց, որ վստահ է՝ մոտ ապագայում որոշ ծրագրեր, որոշ ներդրումներ կլինեն և Իրանի և Հաստանի միջև ապրանքաշրջանառությունն է՛լ ավելի կզարգանա:

Հարցին, թե Հայաստանին Իրանը դիտարկում է որպես Արևմուտքի հետ կապող օղակ, Իրանի դեսպանը պատասխանեց. «Հայաստանը  մեզ համար միշտ հարևան երկիր է եղել և մեր  հարաբերությունը միշտ շատ բարձր մակարդակի վրա պահելու ենք՝ անկախ  նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն: Հայաստանը մեզ համար տարածաշրջանում շատ կարևոր դեր ունի»:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալվող գործընթացներից, որպես տարածաշրջանի խաղաղ զարգացման սպառնալիք, Մոհամմադ Ռեյիսին հաստատեց Իրանի դիրքորոշումը, որը հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով: «Տեղյակ եք Մինսկի խումբը ջանում է խաղաղ բանակցությունների եղանակով խնդիրը լուծել: Ամենից լավ ճանապարհը նա է, որ բանակցությունների միջոցով խնդիրը լուծվի»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել