Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հարցին, թե ինչպես է ստացվել, որ իրեն անկախության սիմվոլ համարող քաղաքական գործիչը երեկ Բաղրամյան պողոտա ցույցի էր գնացել ԵՄ դրոշով, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ուղղեց, որ ինքն անկախության առաջնորդ է, և ոչ թե սիմվոլ: 

«Ես անկախության սիմվոլ չեմ, ես անկախության պայքարի առաջնորդն եմ եղել, դրանք տարբեր բաներ են»,- ասաց նա և հավելեց, թե կարող ենք երեկվա միջադեպի կադրերը նայել, ինքը եռագույնով է եղել:  

Իսկ երեկվա միջադեպը, երբ երիտասարդերը պահանջել են ԵՄ -ի դրոշը վայր դնել և եռագույնով մասնակցել ցույցին, նա որակեց խուլիգանություն: «Արդեն իսկ հրապարակավ խոստովանում են, որ դրանք ցույցի հետ կապ չունեցող մարդիկ են, կազմակերպված և ներդրված մարդիկ էին, իհարկե, կային նաև ազդեցության տակ ընկած մարդիկ»,- ասաց նա և նշեց, թե մամուլում արդեն տեսել է նյութեր, որ ներողություն են խնդրել Հայրիկյանից:

Պարույր Հայրիկյանը պնդում է՝ բոլորի համար է մտահոգիչ բան է տեղի ունեցել և հարձակումը միայն իր դեմ չէ, որ եղել է: «Ինչ-որ քրեական տարրեր այլևայլ պատրվակներով համարձակվել են խաղաղ ցույցի ժամանակ բռնություններ կիրառել, իհարկե իմ նկատմամբ որևէ  բռնություն չեղավ, չնայած կան կայքեր, որ գրել են, որ հարվածներով հեռացրել են, այն  դեպքում, երբ մենք  դրանից հետո մեկուկես ժամ այնտեղ ենք եղել»,- ասաց նա: 

Հարցին, թե այդ դրոշներով Բաղրամյան գնալը չի հաստատում արդյոք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե փորձեր են արվում երևանյան ցույցը քաղաքականացնել, Հայրիկյանը պատասխանեց. «Լավրովը դեռ սեղանների տակ ման էր գալիս, երբ Հայրիկյանը քաղաքական  երևույթներին քաղաքական անուն էր տալիս, այդ էր  միայն պակաս, որ օտար պետության ներկայացուցիչն իր քիթը խոթի իմ հայրենիքի գործերի մեջ: Այո՛, ես քաղաքականացրել եմ այն, ինչ պետք է քաղաքականացվի: Լավրովը կամ որևէ մեկն ովքե՞ր են, որ մեզ դասեր տան, մեզ կարող են միայն խորհուրդ տալ, հետևել քաղաքակրթության  սկզբունքներին, իսկ թե ինչ  ճանապարհ կընտրենք ինքնորոշվելիս, դա մեր գործն է»: 

Ինչ վերաբերում էԵՄ դրոշին, ապա, ըստ նրա, ամեն գրագետ մարդ գիտի, որ  ԵՄ դրոշը դարձել է «ազգերի համագործակցության,  իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունքի և ընդհանրապես  քաղաքակրթության խորհրդանիշ»:  

Իսկ թե չի հակադրում ինքն իրեն, երբ ասում է, որ այլ պետություններ իրավունք չունեն քիթը խոթել մեր պետության գործերում, մինչդեռ դեմ չէ ԵՄ երկրների ներկայությանը, Հայրիկյանը նշեց, թե դրանք համեմատելու չեն. «Քանի որ սա 28 ազգերի օրինակելի համագործակցություն է»: 

Հայրիկյանին մի բան է վախեցնում, որ հայրեն իրենց այսպես «անկամ  և իներտ են պահում»: 

«Այսօր ինձ 4-5  հոգի են զանգել և ասել, թե պատրաստ են նորից դուրս գալ ԵՄ դրոշներով և ինձ խնդրել են առաջնորդել: Պետք է  ոչ թե 4-5 հոգի լինեն, այլ 400-500 հոգի, աշխարհում մեր դեմքը պարզ պահելու համար»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել