Որդեկորույս մայրերի հավաքները նախագահական նստավայրի մոտ կասկածելի հետևողականություն ունեն: Կասկածելի եմ ասում, որովհետև բողոքող կանայք պատասխան են պահանջում այն հարցերին, որոնց մանրամասն ու հիմնավոր տասնյակ անգամներ պատասխանվել է տարբեր աստիճանի պաշտոնյաների կողմից: Բայց ահա կրկին ու կրկին պատասխան են պահանջում: Ստացվում է փակ շրջան, և մնում է կասկածել, որ ոմանց ձեռնտու է նման ակցիաներ հրահրելը, ոստիկանության վերակարգերի հետ մայրերի բախում սադրելը, լրատվամիջոցներում աղմուկ բարձրացնելը: Եթե նայենք հրապարակումների թեկուզ վերնագրերն ու ձևակերպումները, ակնհայտ կերևա, թե ժուռնալիստներն ինչ ոգևորություն են ապրում նման բախումների նույնիսկ հնարավորության համար: Ստացվում է, որ մայրերի կորուստն ու վիշտը օգտագործվում է ամենատրիվիալ նպատակներով՝ կազմակերպիչները՝ լարվածություն բորբոքելու, լրատվամիջոցները հերթական թամաշան թխելու ցանկությամբ: Ազնիվ չէ ու բարոյական չէ, մանավանդ, որ առանց այն էլ վշտի մեջ գտնվող մարդկանց մղում են կամա թե ակամա խախտելու օրենքը, անցնելու <չի կարելի>-ին, հայտնվելու տգեղ վիճակներում: Համոզված եմ՝ այդ ամենը մայրերին դարդին դարման չի, իսկ հարցերի բոլոր պատասխանները, կրկնեմ, վաղուց տրված են: Այս ամենը, հասկանալի է, պետք չի նաև ոստիկաններին, որոնք հայտնվում են վշտից հավասարակաշռությունը կորցրած մարդկանց առաջ: Ձեռնտու է միայն այս տգեղ գործի գլուխ կանգնած մի բուռ չմարդիկ, որոնց սթափության կոչ անելը գուցե անիմաստ է: Սրանց երևի հասարակությունը պիտի զսպի՝ իր սթափ գնահատականով ու որդեկորույս մայրերին հանգիստ թողնելու հրապարակային պահանջով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել