Այսօր վրացի գործընկերներիցս մեկի հետ անբռնազբոս զրույցի ձևաչափով քննարկում էինք լազերի խնդիրը Թուրքիայում:

Ոչ մի կռվան՝ ո՛չ պատմական, ո՛չ մշակութային, ո՛չ լեզվաբանական չօգնեց նրան հրաժարվելու հավանաբար վրացական պաշտոնական քարոզչության կողմից Վրաստանում արմատավորվող այն տեսակետից, որ լազերը վրացիներ են: Ինչքան էլ բացատրեցի, որ քարթվելալեզու լինելը դեռ չի նշանակում լինել վրացի, և որ հենց թեկուզ լեզվաբանական տեսանկյունից վրացերենն ու լազերենը գտնվում են գրեթե նույն հարաբերակցության մեջ, ինչ, ասենք, հայերենն ու հունարենը, անօգուտ էր:

Ի վերջո, ստիպված եղա պատմելու Լազիստանի լեռներում տեղաբնակ լազերից մեկի մի քանի տարի առաջ ունեցած զրույցս, որի ընթացքում իմ այն հարցին, թե լազերն իրենց վրացիների հետ նույնացնու՞մ են, այս մարդը բարեհամբույր կերպով բացատրեց՝ «Թուրքերն ասում են, թե մենք թուրք ենք, վրացիները՝ վրացի, մենք ո՛չ ուզում ենք թուրք լինել, ո՛չ էլ՝ վրացի, մենք պարզապես լազ ենք»:

Որքան էլ անսպասելի էր, բայց այս վերջին մեջբերումը կարծես համոզեց վրացի զրուցակցիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել