Տալվորիկի Հոսնուտ գյուղում ապրում էր մի ծուռ սասունցի, որի անունը դարբին Զենոբ էր: Նրա տունը շինված էր մի ապառաժի վրա և նմանվում էր անդունդի պռնկին դրված մի աժդահա կարասի: Զարմանալի մարդ էր Զենոբը, մի կատարյալ ծուռ: Նա մի յուրահատուկ հայրենասիրությամբ օժտված մարդ էր, որ քարոզում էր թե՝ ով սիրում է իր հայրենիքը, ապա իր տունը պետք է կառուցի հայրենի հողի վրա: Երբ դարբինը նկատում էր, որ ինչ-որ մեկի հայրենասիրություն է քարոզում, սակայն իր տունը կառուցում է օտար հողի վրա, վերցնում էր իր հսկա քլունգը և գնում կործանում էր տվյալ մարդու տունը: Վերադարձից հետո Զենոբի հողոտ քլունգը սրբում էին երկու նշանավոր գյուղացի՝ Սեմալեցի Թաթոն և Գութան Հարութը: Նրանք սրբելով քլունգի հողը՝ դա խառնում էին ջրին և դրանով թրջում նոր կառուցվող տան պատերը: Զենոբը շատ տներ էր քանդել, օր. քանդել էր մի հնչակյան գործչի տուն, որը իրենց գյուղում ասել էր, թե հայրենիքը լավ բան է, և  պետք է կռվել նրա համար, սակայն իր տունը կառուցել էր Հալեպում: Այդ իմանալով դարբին Զենոբը իր ուսին էր դրել հսկա քլունգը և գնացել Հալեպ, հիմնահատակ ավերել տունը ու վերադարձել հայրենիք: Դաշտենցի «Խոդեդան» վեպում պատմվում է, որ 1907թ. Պնտխցի Մանուկը տեսնում է, որ մի մարդ, քլունգը ուսին դրած, հասկա ձների վրայով սլանում է դեպի Բռնաշեն, մի քանի վայրկյանից այդ զարմանալի  ուղևորը տապալվում է ձների մեջ: Գյուղացիները, մոտենալով նրան, ճանաչում են և հարցնում.
-Ո՞ւր ես գնում,Զենոբ:
-Տալվորիկ:
-Ո՞րտեղից ես գալիս:
-Բուլղարիայից:-Գյուղացիները կարծում են, որ Զենոբը ուղղակի շփոթում է Բուլանուխը և Բուլղարիան, սակայն հետո պարզ է դառնում, որ նա չի շփոթել:
-Ինչո՞ւ էիր գնացել Բուլղարիա:
-Անդրանիկ փաշան տուն էր շինել էնտեղ: Գնացի քանդեցի ու եկա:
-Ինչո՞ւ քանդեցիր Անդրանիկի տունը:
Զենոբը պատմեց հետևյալը:
1904թ. Անդրանիկը մեկնում է Բուլղարիա: Այնտեղ նա սկսում է իր համար տուն շինել, երբ այդ մասին տեղեկանում է Զենոբը, վերցնում է իր քլունգը և մեկնում  Բուլղարիա, որպեսզի քանդի Անդրանիկի տունը: Հարցուփորձով իմանում է Անդրանիկի տան տեղը: Հասնում է այն ժամանակ, երբ պատշարները սկսել էին տան պատերը շարել:
«Ես որ հնչակի տունը քանդեցի, կարծում ես՝ քոնը կխնայե՞մ»,-շշնջում է և սկսում իր գործը:
Զորավարը իսկույն գալիս է և ասում.
-Թողեք թող քանդի, միևնույն է, մինչև նա չանի իր գործը, չի հանգստանա:
-Տունդ անտեր էղնի, Անդրանիկ, դու եկար Տալվորիկ, քարոզեցիր, թե կռվենք հայրենիքի համար, բայց եկար ու այստեղ տուն շինեցիր, մի՞թե Սասունում տեղ չկար: Որ դու էստեղ տուն պիտի շինեիր, մեր տները ինչո՞ւ քանդել տվիր:
-Իրավունք ունես, Զենոբ,-ասում է Զորավարը:
Երբ քանդում է վերջին քարը, Անդրանիկը, ձեռքը դնելով Զենոբի ասին, բարևում է, Զենոբը պատասխանում է.
-Բարևն աստծունն է, դրա համար առնում եմ քո բարևը, ես քեզ սիրում եմ, Անդրանիկ, և մինչև կյանքիս վերջը պիտի պաշտեմ քեզ:Բայց եղավ մի ժամանակ, որ դու շեղվեցիր մեր պապերի ավանդական ճանապարհից ու կռվի վերջին օրերին հույսդ դրեցիր անգլիացիների վրա: Եվրոպացիք մեզ շատ են խաբել, Անդրանիկ: Նրանք են պատճառը մեր հայրենիքի բնաջնջման: Մի ազդեցիկ քուրդ ցեղապետի բարեկամությունն ավելի արժեքավոր է, քան թե ինգլիզի և ֆրանկի խոստացված օգնությունը: Հայրենիքը լավ բան է, Անդրանիկ: Երանի նրան, որ իր տունը հայրենյաց հողի վրա կշինի և ոչ թե օտար արևի տակ:
Գործերը ավարտելուց հետ Զենոբը, քլունգը դնելով ուսին, նավով մեկնում է Տրապիզոն, ապա՝ ոտքով դեպի Մուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել