Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնում է Ռիգայի գագաթնաժողովում ընդունվող փաստաթղթերին, «ավելին ավելիի համար» սկզբունքին և թե ինչու Հայաստանը Հռչակագրին մոտեցավ վերապահմամբ: 

-Պարո՛ն Աշոտյան, Facebook -ի Ձեր էջում տեղադրել էիք Եվրոպական ժողովրդական կուսակցության պաշտոնական հաղորդագրությունը երեկվա գագաթնաժողովի և հռչակագրի մասին` ընդգծելով, որ «փաստաթուղթը ընդհանուր առմամբ ընդունելի էր, բայց մենք որոշ կետերի մասով վերապահումներ ունեինք»: Որո՞նք են հիմնական վերապահումները:

-Փաստաթուղթն, ընդհանուր առմամբ, ընդունելի է մեզ համար: Կարևորելով ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների զարգացումը՝ կարծում ենք, որ «Արևելյան գործընկերության» ձևաչափում երկրները կարող է և պետք է օգտվեն ընձեռված հնարավորություններից և մշակեն ԵՄ-ի հետ համապատասխան օրակարգեր՝ ինչպես հասարակական-քաղաքական համագործակցության ու բարեփոխումների ոլորտների, այնպես էլ տնտեսական: Մենք վերապահմամբ ենք մոտեցել Հռչակագրի որոշ գնահատականներին, որոնք վերաբերում են Արևելյան գործընկերության՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումներին: Այն կարծիքին ենք, որ ցանկացած փաստաթուղթ պետք է նպաստի կոնֆլիկտների լուծմանը և ոչ պարզապես տեսակետ հայտնելու հնարավորություն դառնա: Սա է պատճառը, որ որոշ վերապահումներ ենք ունեցել: Ակնհայտ է, որ այդ գործընկերությունը, ինչպես և հռչակված է ԵԺԿ այդ փաստաթղթում, չպետք է դառնա հակառուսական քաղաքականության գործիք և շահերի բախման տանիք՝ տարածաշրջանում, որպեսզի առավել արդյունավետ լինի և համագործակցային ձևաչափ ունենա ԱլԳ նոր ֆորմատն ու բովանդակությունը:

-Նշվում է նաև, որ անհրաժեշտ է «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը հարստացնել տարբերակման սկզբունքներով, ճկունությամբ, նախագծերի համար համատեղ պատասխանատվությամբ, ինչպես նաև «ավելին ավելիի համար» (more for more) սկզբունքով:

-Այն շրջանառվում էր Եվրամիության պաշտոնյաների կողմից, այն ամբողջությամբ ընդունելի է Հայաստանի համար, ժամանակին համահարթեցման, ռուսերեն ասած «ուռավնիլովկայի» քաղաքականությունը լրացուցիչ խթաններ չէր հաղորդում բարեփոխումները արագությամբ և առավել ծավալներով իրականացնելու համար: Ակնհայտ է, որ բարեփոխումների զգալի մասն ունի ԵՄ աջակցության կարիք` ինչպես ֆինանսական, այնպես էլ բովանդակային, և մեր քաղաքական ցանկությունն է շարունակել Հայաստանում կառուցել ազատ հասարակություն ժողովրդավար պետություն և սոցիալապես պատասխանատու շուկայական միջավայր: Եվ մոտ ապագայում տեսանելի կլինեն այդ «ավելին ավելիի համար»-ի կոնկրետ կիրարկման արդյունքները:

-Բայց ինչ-որ չափումներ արվե՞լ են,մասնավորապես, հայաստանյան առանձնահատկություններով:

- ԱլԳ անդամ երկրներից յուրաքանչյուրն իր ազգային փոփոխությունների ծրագիրն ունի բարեփոխումների, իր ճանապարհային քարտեզը, իր գործողությունների ծրագիրը և մենք ցանկանում ենք շարունակել փոփոխությունները մեր երկրում ոչ այն պատճառով, որ Բրյուսելը մեզնից դա է ակնկալում, այլ այն պատճառով, որ ինքներս ենք հավատում ու վստահ ենք, որ նման բարեփոխումներն այլընտրանք չունեն, որպեսզի հասնենք մեր պետական ինստիտուտների կատարելագործման այն աստիճանին, որի մասին երազում ենք:

-Ռիգայից առաջ կային լավատեսական ու ոչ այնքան լավ կանխատեսումներ, ընթացքը ի՞նչ է ցույց տալիս:

-Ամենակարևորը` նման հարցերում ունենալ իրատեսական սպասումներ, երբեք չստեղծել հրապարակային դաշտում հավելյալ և իրականությունից կտրված քաղաքական ակնկալիքներ, որոնց չհասնելը կարող է բերել հիասթափության: Այդ տեսակետից Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի հետ շատ իրատեսական է ու ռացիոնալ: Հիմնված է ընդհանուր քաղաքակրթական արժեքների հիման վրա և շատ կոնկրետ է իր գործողություններում և ակնկալիքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել