Հայոց ազատագրված Քարվաճառը ՀՀ-ին կապող միակ հասարակական տրանսպորտը «ՈւԱԶ» կոչվող ավտոմեքենան է, որը յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին Վարդենիսից ուղևորվում է Քարվաճառ:
Վարորդը՝ Մաքսիմը, աշխատում է անհատ ձեռներեցի կարգավիճակով: Այսինքն՝ Քարվաճառը ՀՀ-ին կապող միակ փոխադրամիջոցը ոչ թե պետության կողմից վերահսկվող ոլորտ է, այլ մասնավոր բիզնես: Իսկ սա չի՞ նշանակում արդյոք, որ վարորդ Մաքսիմը մի օր պարզապես կարող է որոշել զբաղվել այլ աշխատանքով, և Քարվաճառում բնակվող հայ մարդը, ով ավտոմեքենա չունի, այլևս չի կարողանա հասնել, ասենք, Երևան: Իհարկե, կա նաև Քարվաճառ-Ստեփանակերտ-Երևան գիծը, որը, սակայն, պակաս անհարմարավետ չի:
Ինչևէ, Մաքսիմն այժմ սպասարկում է գիծը իր ոչ այնքան հարմարավետ«ՈւԱԶ»-ով: Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը գրունտային է, և մինչև տեղ հասնելը մարդիկ ու իրերն ամբողջությամբ ծածկվում են փոշով: Մեքենան հատկապես ծանրաբեռնված է լինում հինգշաբթի օրերին, քանի որ այդ օրերին Վարդենիսում բացօթյա տոնավաճառ կա, որտեղից մեծ առևտուր են անում քարվաճառցիները: Սակայն դա չի նշանակում, որ երկուշաբթի և շաբաթ օրերին միշտ կարելի է հանգիստ երթևեկել: Շատ հաճախ նախօրոք պահած տեղն էլ չի փրկի, քանի որ մարդիկ կարող են ուղղակի պայուսակդ մի կողմ դնել և տեղավորվել: Գերծանրաբեռնվածությանը մեծապես նպաստում են նաև տեղափոխվող ահռելի քանակությամբ իրերը:
Հաճախ գերծանրաբեռնվածության պատճառով վարորդն ստիպված է լինում տեղափոխել թույլատրելիից ավելի թվով մարդկանց: Եվ այստեղ կարծես թե մի չգրված սուրբ օրենք կա. ոչ մի մարդու չթողնել Վարդենիսում, որքան էլ որ երթուղայինում տեղ չլինի: Վարորդը միշտ հավաստիացնում է դուրսը մնացած ուղևորներին, որ մինչև բոլորին չտեղավորի, ինքը Վարդենիսից չի շարժվի: Երբեմն անհրաժեշտության դեպքում կանչվում է երկրորդ «ՈւԱԶ»-ը:
Իհարկե, նախ և առաջ ուրախալի է տեսնել այդքան մարդկանց, ովքեր գնում են Քարվաճառ, ովքեր այնտեղ ապրում են կամ էլ պարզապես գնում են ծանոթանալու չքնաղ տարածքին: Սակայն որքան ուրախալի է այդ փաստը, նույնքան հրատապ է երթևեկության խնդիրը հնարավորինս արագ կարգավորելը:  
Կապը Մայր Հայաստանի հետ ազատագրված տարածքի վերաբնակեցման առաջնային խնդիրներից մեկն է: Տարածք տեղափոխվելու մտադրություն ունեցող մարդը առաջին անգամ ճզմված, խցկված ու փոշոտված Քարվաճառ հասնելուց հետո թերևս լուրջ կասկածներ կունենա իր մտադրության մասին: Իսկ ազատագրված հողի բնակեցումը կարևորագույն առաջնային խնդիր է, որով պետք է մտահոգված լինեն թե´ առաջին հերթին պետությունը, թե´ անհատները: 
Քարվաճառի տրանսպորտային խնդիրը լուծելն անհնար չի: Քարվաճառին ու շրջակա գյուղերին սպասարկող միակ վարորդ Մաքսիմին ևս մեկ առավել հարմարավետ մեքենա օգնության ուղարկելու դեպքում քարվաճառցիները կկարողանան արժանապատիվ կերպով երթևեկել և կզգան, որ պետությունն իրենց մասին ևս մտածում է, չնայած որ իրենք ապրում են Երևանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:  
Աղբյուրը`այստեղ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել