Կյանքում մենք միշտ սովորում ենք լինել ինչ-որ կերպարի մի մաս: Կերպարներին մենք ձգտում ենք, որոշներից էլ հրաժարվում: Շրջապտույտ ենք տալիս կերպարների, հերոսների ու ցանկությունների միջև՝ գտնելու մեզ հարազատն ու բաց չթողնելու: Ու այդ շրջապտույտի ընթացքում մենք սովորում ենք վերջակետներ դնել:

Սկզբում կռիվ ենք անում բազմակետերի հետ: Չգիտեմ՝ ձեզ մոտ լինում է, թե ոչ: Երբ ինչ-որ բան ես ուզում գրել ու ակամա յուրաքանչյուր նախադասության վերջում մատներդ երեք կետ են թողնում, ասես ապացուցելու, որ դու էլի կարող էիր ասել, բայց հակառակվելով մատներին ու մտքին՝ դու միայն կետերն ես դնում ու էլ ոչ մի միտք չես արտահայտում: Երևի վախենում ես ավելին ասել՝ փախչելով իրականությունից ու սառնությունից: Երևի, չգիտեմ: Հետո բազմակետերը մտնում են ուղեղդ: Մատներիդ ծանրությանը չդիմանալով՝ քեզ տանում են ամենուր, բայց, միևնույնն է, միշտ ինչ-որ բան կիսատ ես թողնում: Դու ես թողնում, մատներդ, ուղեղդ, թե ստեղների հպումները, էական չէ: Մնում է, հաստատ: Դու տանջվում ես օրերով ու փորձում լրացնել այդ կետերը, որովհետև դու հոգնում ես, ուղղակի հոգնում: Դու ցանկանում ես լիաթոք ապրել, իսկ բազմակետերը քեզ հետ են քաշում: Դու առաջ ես քայլում՝ ռետինով մաքրելով անջնջելի թվացող կետերը: Բայց դու իրականում առաջ ես գնում, իսկապես, բազմակետերը քեզ դրդում են ավելի ուժեղ զգալ, քան կարող ես: Բազմակետերը քո կյանքի մասն են դառնում՝ անցանկալի մասը, որը արագ պետք է վերացնել: Ու դու սկսում ես մտածել, տանջվել, խորհել, ափսոսալ ու ժպտալ արդեն անցյալ դարձած բազմակետերի վրա: 
վերջիվերջո, մենք սովորում ենք վերջակետ դնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել