«Երաժշտությունն իմ էությունն է» 

Խորհրդային միության մեջ ամենասիրված կոմպոզիտորներից մեկն Ալեքսեյ Հեքիմյանն էր: Նրա ստեղծագործությունները հնչում էին Միության տարբեր քաղաքների բեմերից` նշանավոր երգիչների կատարմամբ: Մենք հաճախ էինք ռադիոով ու հեռուստատեսությամբ լսում նրա հրաշալի երգերը և զարմանում էինք, երբ ասում էին, որ դրանց հեղինակը Մոսկվայի միլիցիայի ղեկավարներից մեկն է: Առաջին անգամ ես անձամբ ծանոթացա նրա հետ, երբ նա իմ մոտիկ ընկերներից մեկի հետ եկել էր ինձ մոտ` Հրատպետկոմ, իր երգերի ժողովածուի հրատարակման կապակցությամբ: Մեր զրույցը երկար չէր և հիմնականում գործնական բնույթ էր կրում: Երկրորդ անգամ հանդիպեցի նրան Երևան-Մոսկվա գնացքում: Ես Լաուրայի հետ մեկնում էի Մոսկվա, այնտեղից Կարլովի Վարի սանատորիա գնալու համար: Պատահաբար մեր հարևան կուպեում Մոսկվա էր մեկնում նաև Հեքիմյանը: Մենք երկու օրվա ընթացքում բավական մտերմացանք և անկեղծ զրուցներ էինք ունենում տարբեր հարցերի շուրջ:
Մենք նրան գիտեինք որպես կոմպոզիտոր և միլիցիայի գեներալ: Բայց չգիտեինք, թե ինչպիսի մարդ է, ինչ հոգի ու բնավորություն ունի, ինչպիսին է նա որպես հայ ժողովրդի զավակ, արդյոք հանրապետությունից դուրս գտնվելը բացասաբար չի՞ ազդել նրա ազգային հոգեբանության վրա: Եվ ճանապարհը երևակեց նրա հարուստ ու առաքինի հայ մարդու էությունը: Պատահական չէր, որ իր մարդկային բարձր արժանիքներով նա հասել էր միլիցիայի գեներալի աստիճանի և նշանակվել էր այնպիսի ծանր ու պատասխանատու պաշտոնի, ինչպիսին Մոսկվայի քրեական հետախուզության պետն է: Սակայն նա զարմանալի համեստ էր, երբեք ցույց չէր տալիս, որ ինքը Միության ճանաչված ու հարգված կոմպոզիտորներից է, չէր պարծենում ոչ իր հաջողություններով, ոչ էլ իր վարած բարձր պաշտոններով:
Նա իր անցած ուղու մասին խոսում էր զուսպ, սակայն մեր հետաքրքրասիրությունը բավարարելու համար պատմում էր առանձին էպիզոդներ: Երբ հարց տվեցինք, թե ինչպես են մի մարդու մեջ զուգորդվում, համատեղվում լիրիկական արվեստագետը և չոր ու ցամաք միլիցեական չինովնիկը` գեներալի կոչումով, նա պատասխանեց.
-Երբ ստեղծագործում եմ, մոռանում եմ իմ զբաղեցրածս պաշտոնը, մոռանում եմ հանցագործներին, ամբողջ էությամբ սուզվում եմ երաժշտական աշխարհը: Իսկ երբ անցնում եմ իմ պարտականությունների կատարմանը և սկսում եմ հետախուզությամբ զբաղվել, մոռանում եմ երաժշտությունն ու դաշնամուրը, մտածում եմ հանցագործներին հայտնաբերելու և անմեղ մարդկանց օգտակար լինելու մասին: Պատկերացրեք, որ իմ այդ պրոզայիկ աշխատանքը չի խանգարում ինձ ստեղծագործելու: Իսկ երբեմն էլ նույնիսկ ստեղծագործության համար ինձ նյութ է տալիս:
Հիշում եմ նրա պատմած դեպքերից մեկը: Միլիցիայի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ կատարում են իր երգերից մեկը, որը շատ դուր էր եկել ՍՍՀՄ Ներքին գործերի այն ժամանակվա մինիստր Շչոլոկովին: Դահլիճում նստած է լինում նաև ինքը` Հեքիմյանը: Երգը բուռն ծափահարություններով ընդունելուց հետո, հայտարարում են, որ դահլիճում նստած է երգի հեղինակ Հեքիմյանը: Ծափահարություններն ավելի են ուժեղանում: Նիստի վերջում Շչոլոկովը մոտենում է նրան, համբուրում և ասում` «ՈՒրեմն մեր համակարգում այդպիսի տաղանդավոր կոմպոզիտոր կա և ես չգիտեմ»:
Հեքիմյանը պատմում էր, որ դրանից հետո մինիստրը մեծ հարգանքով էր վերաբերվում իրեն և նույնիսկ հովանավորում: Իսկ դա աննկատ չէր մնում Մոսկվայի միլիցիայի մյուս ղեկավարների կողմից: Նրանց մեջ գլուխ է բարձրացնում չար նախանձը, երբ տեսնում են, որ ամեն տեղ նրան հարգում են, ծափահարում, մեծարում: Եվ սկսում են անուղղակի խոսակցություններ վարել, թե կոմպոզիտորն ինչ կապ ունի քրեական հետախուզության ղեկավարի պաշտոնի հետ, առիթներ են փնտրում ուղղակի կամ անուղղակի, բացահայտ կամ քողարկված հանդիմանությունների համար: Այդ ամենը բացասական նստվածք է թողնում Հեքիմյանի նրբազգաց հոգում:
-Երաժշտությունն իմ էությունն է,-ասում էր նա,-առանց երաժշտության ես իմ կյանքը չեմ պատկերացնում: Ես լավ գիտեմ, որ ինձ կարող է մոռանան և չհիշեն որպես միլիցիայի գեներալ կամ ՄՔՀ-ի (МУР) պետ, բայց դժվար թե մոռանան որպես կոմպոզիտոր, քանի դեռ իմ երգերը կան ու կհնչեն բեմերից: Այդ պատճառով էլ ես գերադասեցի երաժշտությունը, դիմում տվեցի և պաշտոնաթող եղա: Հիմա ժամանակս և ուշադրությունս ամբողջովին նվիրում եմ ստեղծագործությանը: Ավելի շատ ժամանակ ունեմ մարդկանց հետ հանդիպելու և աշխատակցելու: Ես ունեմ հրաշալի բարեկամներ և’ Երևանում, և’ Մոսկվայում, որոնց հետ աշխատակցում եմ: Իմ մի ոտը, ինչպես ասում են, Մոսկվայում է, մի ոտը՝ Երևանում: Երևանում ես հաճախակի եմ լինում, քանի որ Հայկական երգերը իմ ստեղծագործական աշխատանքի հիմնական մասն են կազմում:
Երբ հասանք Մոսկվա և ջերմորեն հրաժեշտ էինք տալիս իրար, նա խնդրեց հյուր լինել իրենց տանը: Սակայն, ցավոք, մենք հնարավորություն չունեցանք օգտվելու նրա հրավերքից, որովհետև հենց նույն օրն էլ պետք է մեկնեինք Կարլովի Վարի:
Գեներալ և կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանը մեր հիշողության մեջ մնացել է ոչ միայն իր հրաշալի երգերով, այլ նաև որպես ճանապարհային դյուրահաղորդ և համակրելի ուղեկից, համեստ ու բարեհոգի անձնավորություն, հաճելի զրուցակից:
            Հատված իմ «ՈՒր են տանում կածանները» գրքից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել