Սոցցանցերն այս օրերին ամենաբուռն կերպով քննարկում են Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցը: Կարծիքներն ամենատարբեր բնույթի են: Մի մասը բավականին ադեկվատ և, որոշ դեպքերում, նույնիսկ ուրախությամբ է արձագանքում նրա՝ Հայաստան այցին, մյուս մասը՝ հակառակը, քննադատում է Քիմ Քարդաշյանի այցը, ելնելով այն հանգամանքից, որ Քիմը հայտնի է դարձել աշխարհին ինչ-որ ռեալիթի շոուներից և ինչ-ինչ տեսահոլովակներից, որոնց բովանդակությունն այնքան էլ չի համապատասխանում մեր հայեցի պատկերացումներին ու ավանդույթներին:
Բոլոր կարծիքներն էլ, բնականաբար, գոյության իրավունք ունեն: Սակայն այս պարագայում, երբ լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, ցանկացած միջոց, որը կարող է օժանդակել Ցեղասպանության բարձրաձայնմանը ողջ աշխարհում, միլիոնավոր մարդկանց ուշադրությունը գրավել դեպի այդ հրեշավոր ոճրագործությունը, պետք է օգտագործվի, այդ թվում և Քիմ Քարդաշյանի այցը:
Հայտնի է, որ Քիմը ռեալիթի-աստղ է, որի անունը հայտնի է ոչ միայն աշխարհի ամենահզոր պետություններից մեկում՝ ԱՄՆ-ում, այլ նրա սահմաններից դուրս: Քիմ Քարդաշյանի սոցցանցային էջերին հետևում են տասնյակ միլիոնավոր մարդիկ, բազմաթիվ զարգացած երկրների լրատվական դաշտեր ամենայն մանրամասնությամբ լուսաբանում են նրա բոլոր քայլերը: Քիմ Քարդաշյանի՝ անգամ որևէ նոր լուսանկարը համացանցում կամ ոճային փոփոխությունը դառնում է լուսաբանվող թեմա միջազգային լրահոսում:
Եվ միանգամայն հասկանալի է, որ նրա այցը Հայաստան նույնպես լայնորեն լուսաբանվելու է ոչ միայն հայրենական, ոչ միայն ամերիկյան լրատվադաշտերի կողմից, այլև ողջ աշխարհի: Այս առումով հստակ է, որ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան ևս մեկ լրացուցիչ գործոն է լինելու՝ տասնյակ միլիոնավոր մարդկանց ուշադրությունը դեպի Հայոց Ցեղասպանության փաստը հրավիրելու համար: Եվ այդ պատճառով այլևս որևէ նշանակություն չունի, թե ինչ կենսագրություն է ունեցել, կամ ինչով է հայտնի դարձել Քիմ Քարդաշյանը: Կա անվիճելի փաստ. Քիմ Քարդաշյանը հայ եզակի գերհայտնի դեմքերից է, ինչպես Շառլ Ազնավուրը, ինչպես Սերժ Թանկյանը, Շերը և այլոք, և նրա այցը պետք է լուսաբանվի բացառապես այդ տեսանկյունից: 
Հայոց Ցեղասապանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստան է այցելում ազգությամբ հայ գերհայտնի անձնավորություն, որի անունն է Քիմ Քարդաշյան, և միայն այսքանը: Մնացածը երկրորդական է, առավել ևս, եթե հաշվի առնենք այն, որ ԱՄՆ-ում, որտեղ ապրում և գործում է Քիմ Քարդաշյանը, նրա կենսագրությունը միանգամայն նորմալ է ընկալվում այդ երկրի քաղաքացիների կողմից: Ամերիկյան շոու—բիզնեսի կանոններով սկանդալային կենսագրությունը միագամայն նորմալ երևույթ է, և այս առումով Քիմ Քարդաշայնը բացառություն չէ, այլ, ճիշտ հակառակը, օրինաչափություն, ինչպես Լեդի Գագան, Մադոննան, Մայլի Սայրուսը և այլք:
Ուստի պետք է վերջապես մի կողմ թողնենք Քիմ Քարդաշյանի կենսագրությունը և հասկանանք, որ նրա այցը Հայաստան բացառիկ PR ակցիա է լինելու, որի նմանը գուցե առաջիկայում երկար ժամանակ չլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել