Tert.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետարանի որոշումը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով արգելել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում կենդանիների զբոսանքը, ընտանի կենդանիների տերերի դժգոհության առիթ է դարձել։ Նրանց նաև զայրացրել է  քաղաքապետարանի մյուս որոշումը, ըստ որի՝ Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար սահմանվել է 5000 դրամ տեղական տուրք։ 

«Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում նման որոշումները «սարսափելի աբսուրդային է» համարում։

«Մենք ոչինչ չունենք ներկայումս կենդանիների հետ կապված, անգամ օրենք չունենք, և նույն թափառող շներին քաղաքապետարանն անխնա ոչնչացնում է՝ ամենասարսափելի մեթոդներով, նրանք նույնիսկ լիդոկայինով քնեցնում են և կիսաողջ վիճակում այրում, այսինքն՝ այդ սադիզմի հետ մեկտեղ տուրքի գումար են հավաքում։ Ինչի՞ համար, նրանից մեկը կարո՞ղ է բացատրել»,-հարցնում է նա։ 

Նունե Մեհրաբյանը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում տուրքը գնում է որպես բարեգործություն՝ անտուն կենդանիների խնամքի համար, մինչդեռ այս գումարները ուղղվում են քաղաքային բյուջե։

«Այսինքն՝ այդ գումարները, որ հավաքում են, կոպիտ ասած՝ իրենց մեջ բաժանելու համար է։ Մենք՝ կամավորներս ենք իրենց փոխարեն գործն անում՝ անտուն կենդանիներին ստերիլիզացում, վիրավոր կենդանիների խնամքով զբաղվում։ Ես աշխատակից ունեմ, անգամ նրան են ուղարկել ծանուցագիր, որ պետք է վճարենք փողոցից վերցրած կենդանիների համար։ Բայց չէ՞ որ նրանց փողոցից ենք վերցրել, և դրանով իսկ իրենց խնդիրներն ենք լուծում։ Ես էլ տան մեջ շուն ունեմ, երեք ամիս է արդեն, որին փողոցից եմ վերցրել ոտքի կոտրվածքով, պատվաստում եմ արել, վիրահատել։ Հիմա ասացեք խնդրեմ, ես ինչո՞ւ պետք է 5000 դրամ վճարեմ։ Մի բան էլ. շունը էգ էր, և պետք է տանեմ ստերիլիզացնեմ, ինքը ամեն վեց  ամիսը մեկ ձագ պետք է ունենար, և ինքը փոխանակ ասեր մեզ շնորհակալություն, գումար է գանձում»,-ասաց նա և նկատեց, թե նրանք, ովքեր կենդանիներ են պահում և վաճառում, այդ դեպքում կարող են վճարել, բայց ոչ համատարած գումարներ գանձվեն։

Բարեգործական ՀԿ նախագահը նկատեց, որ քաղաքակիրթ երկրներում այն մարդիկ, ովքեր անտուն կենդանիների խնամք են տանում, նրանց պետությունը գումար է վճարում, որպեսզի փողոց բաց չթողնեն։

«Իսկ նման մարդկանց, քաղաքապետարանի աշխատակիցներին նկատի ունեմ, ես կարող եմ միայն խղճալ, որովհետև նրանց մոտ ոչինչ չի մնացել՝ ո՛չ բանականությունից, ո՛չ խղճից»,-ասաց նա։   

Ինչ վերաբերում է կանաչ գոտիներում կենդանիների արգելքին, ապա նա հարցնում է. «Լավ, իսկ մենք որտե՞ղ ման տանք, բարձրանանք տանիքների՞ն ման գանք, ես իսկապես չեմ հասկանում»։

Նա նկատեց, որ այն երկրներում, որտեղ արգելվում է, այլընտրանք էլ է առաջարկվում՝ զբոսայգիներ հատուկ շների և մյուս կենդանիների համար։

«Այնտեղ շնապահներն իրենց կենդանիների հետ զբոսնում են այդ հատուկ տարածքներում, տուրքի գումարներ էլ տալիս են, որովհետև գիտեն, որ դա գնալու է անտուն կենդանիների բուժման համար»,-ասաց նա։

Բնապահպան Սիլվա Ադամյանը «հանուն ճշմարտության» նշում է՝ նման բան կա ամբողջ քաղաքակիրթ աշխարհում։

«Բայց պետությունը նույն կենդանիների համար ստեղծում է հատուկ տարածքներ, որտեղ նրանց թույլատրվում է զբոսնել, և այստեղ կան բոլոր պայմանները, որ կենդանին իրեն լավ զգա: Մեզ մոտ նույնիսկ սիմվոլիկ որևէ նման բան չեն ստեղծել ո՛չ քաղաքի ներդրում, ո՛չ քաղաքից դուրս, էդ դեպքում ինչո՞ւ են հավաքում այդ գումարները: Մեզ մոտ վճարելու ես ուղղակի նրա համար, որ տանը կենդանի ես պահում»,-ասաց նա:

Անդրադառնալով նաև այսուհետ կանաչապատ տարածքներում կենդանիների զբոսանքը արգելելուն՝ Սիլվա Ադամյանը մի հարց բարձրացրեց. «Այդ դեպքում որտե՞ղ է առաջարկում քաղաքապետարանը կենդանիների տերերին զբոսանքի հանել շանը: Կա՞ նման հատուկ վայր մեր քաղաքում, ինձ նման տեղ հայտնի չէ»:

Սիլվա Ադամյանը նկատեց, որ շատ ավելի օգտակար կլիներ, եթե քաղաքապետարանը տուգաներ բոլոր նրանց, ովքեր իրենց շների ետևից կեղտը չեն հավաքում:

«Այլ երկրներում մեծ տուգանքներ են սահմանված այն դեպքերի համար, երբ մարդիկ թողնում են իրենց շան կղանքը: Նրանք սովորաբար իրենց մոտ տոպրակներ են ունենում և արագ հավաքում շան ետևից և նետում համապատասխան վայր: Մեզ մոտ նման օրենք չկա և շատ վատ է, որ մարդիկ թողնում են իրենց շան կեղտը այգում, որտեղ նաև երեխաներն են խաղում: Այս հարցում է պետք կարգուկանոն սահմանել»,-ասաց նա:

Ըստ Սիլվա Ադամյանի՝ քաղաքապետարանը պետք է պարտադրի կենդանի պահողներին տարին առնվազն մեկ անգամ դիմել անասնաբույժի, որպեսզի կանխվի կենդանիների հիվանդությունների տարածումը:

Երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով բացի այն, որ տանը շուն և կատու է պահում,  նաև կենդանիների պաշտպանության հարցերում ակտիվ է, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ ինքը չի պատրաստվում վճարել այդ գումարը, թեև, ի տարբերություն շատ այլ կենդանասերների, չի պատրաստվում իր բողոքն արտահայտելու համար հատուկ ինչ-որ քայլերի դիմել: Ուղղակի այդ գումարը չի վճարելու:

«Իմ շանը պահում եմ իմ տան մեջ, իմ տունն  է դա, ինչո՞ւ  պետք է վճարեմ: Եթե իմանամ, որ դա ինչ-որ մի լավ նպատակի, կենդանիներին կուղղվի, բնականաբար կմուծեմ: Բայց քանի որ չգիտեմ, այդ պատճառով չեմ վճարի»,-ասաց նա։

Ի պատասխան հարցի, թե հետայսու չի տանելո՞ւ  շանը այն վայրերը, որտեղ միշտ զբոսանքի է հանում,  երգչուհին ասաց, որ տանում և տանելու է, որովհետև շունն էլ ցանկանում զբոսնել և «մնացած բաները»: 

«Եթե տենց վերցնենք, կանաչ տարածքներում մարդիկ երբեմն աղբ են թափում, կեղտոտում են բնությունը։ Թող հարմարավետ տեղեր ստեղծեն՝ նույն եվրոպական երկրների նման, որ կարողանա շունն ինքն էլ զբոսնի և ինչ-որ հատուկ բաներ լինեն, արկղներ կամ չգիտեմ ինչեր, որոնց միջոցով էդ ամեն ինչը մաքուր պահպանվի: Ինքս սիրում եմ մաքրություն, սիրում եմ քաղաքում ման գամ, մաքուր լինի, բայց չեմ կարծում, որ շների պատճառն այդտեղ կա: Մարդիկ էլ ինչ ուտում են, թափում են գետնին»,-ասաց նա։

Քաղաքացի Գայանե Աղաբաբյանը քաղաքապետարանի այս որոշումը տեղին է համարում.«Շատ էլ ճիշտ որոշում է, բա ինչ, քայլում ես, ամբողջ քաղաքը շան արտաթորանք է,  և երբեմն նույնիսկ շների տերերը բերում հենց այգիներում զբոսնող մարդկանց, երեխաների աչքի առաջ, որ շները հոգան իրենց կարիքները: Շատ հակաէսթետիկ վիճակ է»։

Նա բերում է քաղաքապետարանի մերձակայքի մանկական զբոսայգու կոնկրետ օրինակը, որտեղ մոտ ժամանակներում է միայն արգելվել շներին հանել զբոսանքի։

«Այգուց մշտապես հոտ է գալիս, բայց հիմա, երբ արգելվել է  շներին  զբոսանքի հանել, չնայած, իհարկե, վերահսկողությունը այդքան էլ լավ չի, բայց ամեն դեպքում հոտը ահագին նվազել է»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել