Ընտրությունները սարերի հետևում չեն, և Սերժ Սարգսյանըկրկին դիմում է հին ու փորձված մեթոդին. պայթեցնում է«ականներին» ու մեյդան հանում իր սիրած «դատարկ դհոլներին»։ Ուրիշ աշխատանքի ձև նա չգիտի։

Ճիշտ է, Սարգսյանի ներկայիս «ժողգործիքները»չունեն Արտաշես Գեղամյանի էնտուզիազմը և կոմունիստական անցյալից մնացած հռետորաբանությունը, սակայն ՀՀԿ «ճկուն» ղեկավարն այս անգամ ընտրության լայն հնարավորություններ չունի և օգտագործում է այն, ինչն ընկնում է ձեռքի տակ։ Օգտագործում է դաժանաբար և անխնա։ Օգտագործում է վերջին փամփուշտը կրակողի հոգեբանությամբ ու դատապարտվածության ներքին զգացողությամբ։ Իսկ «ականներն» ու «դհոլներն» էլ իրենց հերթին օգտագործվում են «գաղափարական»սկզբունքներից ելնելով և հաճախորդներին ներհատուկ ձայնային ծղրտոցներ ապահովելով։

Առիթ ունեցել եմ գրելու, որ «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» տերպետրոսյանական կարգախոսի հրապարակումից հետո ՀԱԿ–ում պայթեցին այնպիսի «ականներ», ինչպիսիք են Արամ Զավենի Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանըև Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս նույնիսկ այնքան անկեղծացավ, որ իրեն «կույսի» տեղ դրած, սակայն իրականում «ազատ, բայց մի այլ կարգի սերժատու» լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բառացիորեն խոստովանեց, որ ինքը ական է։

Հիշեցնենք, որ վերը նշված «ականներն» ու «ժողգործիքները» կողմ էին արտահայտվում Տեր–Պետրոսյանի քաղաքական քայլերի վերաբերյալ այն ժամանակ, երբ ՀԱԿ առաջնորդն ընտրել էր Սերժ Սարգսյանին ձեռնտու «երկխոսական» ուղին, բայց արի ու տես, որ հիմա նրանք քննադատում են Տեր–Պետրոսյանին, երբ վերջինս հետ է  կանգնում «միաբանությունից» ու խոսում Սերժ Սարգսյանի դեմ լայն ճակատ ստեղծելու մասին։

Նկատենք, որ «ականների» այսօրինակ ինքաբացահայտումներն ու պայթեցումները  յուրօրինակ ինդիկատորի դեր են խաղում և ցույց տալիս, որ Սերժ Սարգսյանն այն օրն է ընկել, որ ժամանակից շուտ «փուռն» է տալիս իր լրատվամիջոցներին և  Գեղամյանի «գաղափարական» հոգեզավակներին։ Բայց դե Սարգսյանին էլ կարելի է հասկանալ։ Նա զրկվեց «էջմիածնական միաբանի» դեր կատարող ՀԱԿ առաջնորդից ու հիմա ստիպված մեջտեղ է բերում «երկրորդ սերնդի միաբաններին», որոնցից մի մասն ինքնաառաջադրմամբ, իսկ մյուս մասն էլ կոնկրետ «կոռմի»դիմաց կատարում է այն դերը, որը պետք է կատարեր Գեղամյանը, սակայն հասկանալի պատճառներով չի կարող։ Արտաշես Մամիկոնիչին այժմ այլ բան չի մնում, քան հետևել, թե ինչպես են իր փեշակը յուրացրել Վազգեն Սարգսյանի անունն օգտագործելով քաղաքական հաճախորդություն անողը, Տեր–Պետրոսյանի խնամու կարգավիճակից «շուրաբալագանովյան»ոճով օգտվողն ու Նեմեցի գրպանում խլվլացող ինքնաբացահայտված ականը։

Կարեն Հակոբջանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել