Tert.am-ը գրում է.

Այժմ ներքաղաքական դաշտում «ստարտային» իրավիճակ է, ելման կետ. հին՝ քաղաքական էլիտան ներկայացնող ուժերը, սպառել են իրենց պոտենցիալը, նրանք այլևս անելիք, ասելիք չունեն: Այս կարծիքը հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին:

Նա կարծում է, որ քաղաքական դաշտում դեռևս հանդես չեկած, իրենց ինչ-որ ձևով չդրսևորած ուժերը չեն հասցնի զբաղեցնել «երրորդ ուժ» կոչվածի տեղը:

«Ուրեմն պետք է լավ մոռացված հին ուժերի մի մասը սկսնակ՝ նոր ուժերի հետ միասին գործեն, այդ դեպքում հնարավոր է՝ վերաձևավորվի դաշտը»,-ասաց նա:

 Ազատ Արշակյանը նկատեց, որ առայժմ Հայաստանում չեն առաջարկում այլընտրանքային զարգացման ծրագիր:

«Որքան էլ նոր ուժեր գան`անբիծ, չվարկաբեկված մարդիկ, միևնույն է, այս հարթության վրա գոյություն ունեցող կանոններով` ոչնչով էլ նոր չեն լինի: Պետք է լինի նոր, այլընտրանքային քաղաքային ծրագիր` երկիրը նոր ուղով, ճանապարհով տանելու համար: Իմ կարծիքով՝ դա պետք է լինի սոցիալական ուղղվածության քաղաքական ուժ, որը սոցիալական արդարության խնդիր կբարձրացնի: Միայն այդ դեպքում մեր քաղաքական կյանքը կաշխուժանա, մրցակցություն կսկսի, ժողովրդավարություն կլինի և պետության առաջ կանգնած շատ խնդիրներ և մարտահրավերներ լուծում կստանան։ Սակայն ես այս պահին այդպիսի ուժ չեմ տեսնում»,-ասաց նա:

Քաղաքական գործիչը նշեց, որ իր նախանշած սոցիալական ուղղվածության ուժն արտաքին քաղաքական դաշտում պետք է ներկայացնի ԵՏՄ-ին այլընտրանքային ծրագիր` նպատակ ունենալով նպաստել հայկական պետության ինքնիշխանությանը  և համագործակցելով ԵՏՄ անդամ երկրների` Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի ժողովրդավարական, առաջադիմական ուժերի հետ, պետք է նաև ավելի շատ  համագործակցի Արևմուտքի հետ:

Ազատ Արշակյանը կարծում է, որ այժմ ընդդիմություն պարզապես չկա:

«Մեզ մոտ ոչ թե միակուսակցականություն է, այլ միաբևեռ քաղաքական ծրագիր է: Անկախ նրանից, թե մարդիկ իրենք իրենց ինչ կարգավիճակ են տալիս` ընդդիմություն, թե՞ այլընտրանք, միևնույն է,  իրենք իրականում այլընտրանքային ծրագիր չունեն Հայաստանի զարգացման համար»,-ասաց նա:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությանը, Արշակյանն ասաց. «Ես կարծում եմ, որ շատ լավ կլինի, որ ԲՀԿ-ն թարմանա, առաջիկայում ձևավորի իր ծրագիրը, ընտրի նոր, կին ղեկավար` Նաիրա Զոհրաբյանին կամ Էլինար Վարդանյանին և դրանով գենդերային հարց լուծի»:

Նա նաև կարծում է, որ ԲՀԿ-ն պետք է շարունակի գործակցել  Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ և կոալիցիայի մաս կազմի:«Ինչպես որ ինքը ծնվել է՝ որպես ՀՀԿ գործընկեր, պետք է շարունակ իր գոյությունը և ՀՀԿ-ի հետ հեռանա քաղաքական ասպարեզից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է եռյակի գործունեությանը` ապա Ազատ Արշակյանը նշեց, որ եռյակը իր բոլոր ցուցանիշներով ապացուցեց, որ քաղաքական ընդդիմությունն այդպիսին,  ինչպիսին իրենք են, չպետք է լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել