Քարվաճառի դպրոցականների հետ այսօր Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ դիտեցինք: Ֆիլմի դիտումն տեղի ունեցավ մի դասընթացի շրջանակներում, որի միջոցով դպրոցականներին ծանոթացնում ենք Քարվաճառի պատմությանը, նշանակությանը, արցախյան գոյամարտին, Քարվաճառը վերաբնակեցնելու ու ամրացնելու անհրաժեշտությանը...

Դավիթն սկսել է երեխաներին ներկայացնել արցախյան ազատամարտի հերոսների մասին պատմող շարքը, և այդ շարքն սկսվեց Մոնթեի մասին ֆիլմի դիտումով: Երեխաները տեսան ու հասկացան, որ Մոնթեն կարող էր Օքսֆորդի համալսարանում սովորել, հայտնի գիտնական դառնալ... Բայց նա, ծնունդով ԱՄՆ-ից լինելով, արյամբ հայ էր ու եկավ իր հայրենիքի կանչով, եկավ գիտակցված, եկավ` իմանալով, թե ինչու է գալիս...

Քարվաճառցի դպրոցականները տեսան, թե ինչպես է ազատագրվել Քարվաճառը և թե որքան կարևոր է այն` Մայր Հայաստանն ու Արցախը իրար կապելու համար:

Ֆիլմը դիտողների մեջ կային դպրոցականներ, ում ծնողները հայրենիք են կորցրել Հյուսիսային Արցախում, և ովքեր այսօր Մոնթեի ու մյուս հերոս տղերքի շնորհիվ խաղաղ երկնքի տակ են Քարվաճառում...

Ֆիլմի դիտումից հետո երեխաներին հարցրի. «Պետք է, չէ՞, ապրել, Մոնթեի ազատագրած Քարվաճառում»: «Հա՜», իսկապես համոզված պատասխանեցին Քարվաճառի մերօրյա տերերը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել