Քաղաքականությունը հարատև գործընթաց է, որի կարևորագույն հատկանիշներից մեկն էլ շարունակական փոփոխություններն են:
Եվ քաղաքական գործընթացը կենդանի է այնքան ժամանակ, որքան այն բնորոշվում է նոր կազմավորումներով ու քաղաքական ուժերի տարբեր կոմբինացիաներով:
Հայաստանյան քաղաքական դաշտը վերջին ժամանակներում լճացած վիճակում էր, քանի որ չէին ստեղծվում նոր լուրջ քաղաքական ուժեր, իսկ եղած ծանրակշիռ ուժերը զբաղված էին յուրաքանչյուրն իր գիծը առաջ տանելով, որոնք կամ հաջողվում էին կամ լիովին ձախողվում:
Նոր ուժերի ի հայտ չգալը, բնականաբար,  ճահճացում է առաջացնում քաղաքական դաշտում, ինչը հնարավոր է հաղթահարել միայն արդեն եղած ուժերի նոր միավորումներով ու կոմբինացիաներով:
Եվ ընդամենը ամիսներ առաջ ՀՀ քաղաքակա դաշտը նոր լիցք ստացավ՝ ի դեմս քաղաքական դաշտի ծանրակշիռ ուժերի նոր միավորման՝ Եռյակի, որն անմիջապես փոփոխություն ու նոր շունչ հաղորդեց ՀՀ ճահճացած քաղաքական դաշտին:
Հարթակ դուրս եկած ուժեըը, որոնք պահանջում են երկրում լուրջ ու արմատական փոփոխություններ, անմիջապես ուշադրություն գրավեցին իրենց վրա ոչ միայն նրանով, որ իսկապես անսպասելիորեն ցնցեցին ՀՀ քաղաքական դաշտը, այլ նաև նրանով, որ դրանում միավորվել և մեկ ընդհանուր գիծ էին որդեգրել ուժեր, որոնց նախկինում դժվար կլիներ դասակարգել մեկ ընդհանուր բևեռում:
Եվ այս ֆոնին, երբ քաղաքական գործընթացի տրամաբանությունն ինքնին ենթադրում է մշտական փոփոխություններ քաղաքական ուժերի միջև հարաբերություններում, նոր կոմբինացիաներ, նոր միավորումներ, փնտրել և գտնել ինչ-որ առանձին դրվագներ, որտեղ նախկինում մի ուժի ներկայացուցիչը որևէ քննադատական բան է ասում այն ուժի մասին, որի հետ այսօր միավորվել է մեկ ընդհանուր բևեռում, առնվազն լուրջ չէ:
Սա նշանակում է, որ նման դրվագների վրա հղում անողները կամ չեն պատկերացնում քաղաքական դաշտի դինամիկան և ուրեմն հեռու են քաղաքականությունից, կամ էլ պատկերացնելով՝ ընդամենը ցուցադրում են իրենց կաղապարված մտածելակերպը, կամ ուղղակի գործում են պատվիրված և հրահանգված:
Քաղաքականությունն այնքանով է յուրօրինակ, որ եթե մի օր մեկի հաղթանակը կարող էր նշանակել նաև մյուսի հաղթանակը, ապա դա դեռ չի նշանակում, որ դա հարատև է և չի գալու մի օր, որ մեկի հաղթանակը դառնա նաև մյուսի քաղաքական պարտությունը:
ՀՀ-ի դեպքում, երբ կա փոքրաքանակ բնակչություն, որը, կքած լինելով սոցիալական բեռի տակ, հեռու է քաղաքական գործընթացներից, ցանկացած նոր միավորում, որը կարող է նոր շունչ հաղորդել ՀՀ քաղաքական դաշտին, միայն պետք է ողջունվի, եթե նույնիսկ այդ միավորումում ներգրավված են ուժեր, որոնք նախկինում տարբեր բևեռներում էին, ունեին տարբեր մոտեցումներ տարբեր հարցերի վերաբերյալ և այլն:
Ինչ-ինչ, բայց ՀՀ-ին օդի ու ջրի պես անհրաժեշտ են նոր միավորումներ ու ուժեր, քանի որ միայն այդպիսով է հնարավոր այսօր փոփոխություններ պարտադրել իշխանական ուժին, որը վաղուց արդեն համարում էր, որ ՀՀ-ում քաղաքական դաշտն այլևս նոր փոփոխություններ չի կարող ծնել:
Այսօր իշխանությունը փաստի առաջ է և գնում է զիջումների, իսկ Եռյակը ցուցադրում է, որ երկրում ստեղծված իրավիճակը կարող է նաև միավորել տարբեր մոտեցումներ ու քաղաքական կուրս ունեցող ուժերի` քաղաքական դաշտին թարմություն հաղորդելու, իշխանության վրա ճնշումներ գործադրելու և երկրում փոփոխություններ առաջացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել