Խաչատուր Հունանյանը հայաստանաբնակ հեռուստադիտողին հայտնի դարձավ մի քանի հեռուստասերիալներից, որոնք նկարահանվել էին ԱՄՆ-ում: Նոյեմբերի 14-ին էլ երկարատև դադարից հետո Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի պրեմիերան է լինելու Մոսկվա կ/թում. ֆիլմում Խաչատուրը կերտում է գլխավոր դերերից մեկը։

- Խաչատուր, ինչպե՞ս եղավ Ձեր դերասանական կարիերայի սկիզբը։

-Նախ նշեմ, որ դերասանական տաղանդը վաղուց էի նկատել, բայց չէի մտածել դերասան դառնալու մասին, ավելի հստակ մասնագիտություն էի նախընտրում ունենալ, սակայն ԱՄՆ տեղափոխվելուց հետո որոշեցի այստեղ ստանալ դերասանական կրթություն, և սկսվեցին հրավերները տարբեր ռեժիսորներից։

- Դուք հայ հեռուստադիտողին հայտնի դարձաք «Մեղավորները» հեռուստասերիալից, հիմա արդեն «Ստվերները դրախտում» ֆիլմում եք: Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը Գոռ Վարդանյանի հետ։

-Գոռ Վարդանյանի հետ շփում երբևէ չի եղել, սա առաջին համագործակցությունն էր, կարծում եմ՝ ստացված: Որպես հենց այդ դերի դերակատար՝ սկզբում մի քիչ մտավախություն կար, որ չստացվի, բայց քանի որ ունեի բացասական կերպարի փորձ, ինձ վստահեցին, ես էլ արդարացրեցի սպասելիքները։

- Իսկ ի՞նչ դերով եք հանդես գալու։

-Սեմի դերակատարն եմ «Ստվերները դրախտում» ֆիլմում, չեմ ուզում չակերտները բացել, միայն նշեմ, որ անակնկալներով լի չբացահայտված կերպար է ։

- Կա՞ կապ Ձեր կերտած կերպարի և Ձեր միջև։

-Սեմը և Խաչատուրը միանգամայն տարբեր են միմյանցից թե՛ բնավորությամբ, թե՛ արժանիքների գնահատման տեսանկյունից:


- Այս ֆիլմով Դուք ունե՞ք որևէ ասելիք։

-Ֆիլմն ամբողջությամբ դաստիարակչական բնույթ է կրում, որտեղ առաջնային նպատակը ընտանեկան արժեհամակարգի ընդունումն ու գնահատումն է: Այստեղ ցուցադրված է, թե բացասական մարդիկ իրենց վատ արարքներով ինչպես են խաղում ճակատագրերի հետ: Իմ դերն էլ այս ողջ իմաստի մեջ ամփոփված մի մաս է:

-Եվ ամփոփենք այսպես` մինչ այժմ ի՞նչ արձագանքներ են եղել «Ստվերները դրախտում» ֆիլմի հետ կապված։

-Ես, որպես դերասան, շատ եմ գնահատել Գոռ Վարդանյանի աշխատանքը, քանի որ նա իսկապես աշխատում է մաքսիմալ լավ արդյունքի համար, մեծ հաճույքով կշարունակեմ նրա հետ համագործակցությունը: Իսկ արձագանքների հետ կապված` քանի դեռ ֆիլմի պրեմիերան չի եղել, դրա մասին խոսելը դժվար է: Վստահ եմ, որ լինելու են ավելի շատ դրական կարծիքներ, իսկ բացասականներն էլ պետք է լինեն, որպեսզի աշխատանքիդ արդյունքը լիարժեք լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել