Կա մի քաղաք աշխարհում,
Որտեղ իմ սերն է ապրում,
Ուր որ հոգիս է թափառում,
Երբ շատ մենակ է մնում:
Ինչքան էլ որ դուք ինձ խնդրեք,
Չեմ ասի ձեզ ես երբեք,
Թե ինչ քաղաք է դա,
Գուցե բնավ էլ չկա:

Վ.Թաթիկյան


Մի ժամանակ մտածում էի, որ քաղաքն ա ,որ  ստիպում ա ինձ  մարդկանց ավելի շատ սիրել: Չգիտեմ, մարդիկ փոխում են փողոցները, քաղաքը` մարդկանց ,մեքենաների ընթացքը, շենքերի գույները, ինձ գրկող լուռ քամին ու դրա մեջ լող տվող տերևները, որ նման են ձկների, աշունը, որ կիսում ա մենակությունս, որ շատ նման ա կապույտ ու նարնջագույն տերևներով, հաստաբուն, բայց բարակ ու նուրբ ճյուղերով չորացած ծառին, պատուհանները, որոնցից այն կողմ թաքնված  երեսները փակ են քաղաքի առաջ ու միայն գիշերներն են թաքուն բացվում,  լռությունը` սեղմված  աղմուկի մեջ, բողոքը` տրորված փոշու մեջ, պատկերը,`ճմրթված ու ամեն մեկի համար բոլորովին ուրիշ գույներով:
 Ես սիրում եմ բլուզս մինչև  պարանոցիս ծայրը բարձրացնել, կամ շարֆս այնպես կապել, որ միայն աչքերս երևան,  վերարկուս գլխիս քաշել ու քայլել փողոցների, շենքերի, անանուն ու չբարձրաձայնվող երևույթների ու անցորդնների միջով, աչքի պոչով հետևել մարդկանց, որոնցից ամեն մեկն իր գույնը, իմ հորինած ու իր սեփական`երևի իրական,  պատմությունն ունի, ու ոչ մի բառ չխոսել, ոչինչ չասել, ու հնարավորինս  ցույց չտալ, որ  ես էլ գոյություն ունեմ, քայլել անձայն ու անշշուկ, որ անգամ ես ոտնաձայներս չլսեմ, ու քայլեմ փոշիացման  ու անէի ճանապարհներով:
    Մտածում էի, որ սիրում եմ, որովհետև քաղաքը ստիպում  ա սիրել մարդկանց, ովքեր իմ մասին ոչինչ չգիտեն, ու երբեք ինձ չեն նկատելու, հիշելու, մտածելու իմ մասին: Ու ինձ բնավ չէր տխրեցնում փաստը, որ իմ ու մարդկանց սերը փոխադարձ չէր, որովհետև ես հստակ գիտեի, որ աշխարհում կա մի քաղաք, որ սիրում է  փողոցոներով սահող ակնթարթին, այնպես, ինչպես փաթիլն է սիրում սահել  վայրկյանների վրայով, մինչև դեպի տանիքներ տանող վախճանը, և ինչպես տանիքն է գրկաբաց  սպասում ձյան հատիկին:
  Ու հանկարծ հասկացա, որ աշխարհում կա մի քաղաք, ու քաղաքում մի ոլոր-մոլոր փողոց, ու փողոցում մի մոխրագույն տուն` դեղին պատերով, որտեղ բնակվում է իմ Քաղաքը: Ես հասկացա, որ  միայն Քաղաքը կարող է ստիպել ինձ սիրել, ու որ ես գտել եմ Քաղաքը, որտեղ,  ուզում եմ ապրել , Քաղաքը, որ չի գտել ինձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել