Հոկտեմբերի 11-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սբ. թարգմանիչ Վարդապետների՝ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոնը

Սբ. Մեսրոպ Մաշտոցը, իր հետ վերցնելով իր աշակերտներին, գնում է Ասորիքի Միջագետք, լինում Եդեսիայում, ուր և տեղի է ունենում ամենամեծ հրաշքներից մեկը. «Սուրբ Մեսրոպ Մաշտոց մեծ վարդապետն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով:
Եւ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրվում է վեմի վրա, որը դրված էր նրա առջև: Եւ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպես ձեռքն էր ձև տալիս վեմի վրա, և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում» (Մ. Խորենացի «հայոց պատմություն»):
Հայոց գրերի գյուտը լիովին փոխեց երկրի մշակութային պատկերը, հոգևոր մթնոլորտը: Ազգային գիրը հիմք հանդիսացավ հայկական նոր մշակույթի ստեղծման համար, կանխեց ուծացման և հարևան տերություններից կլանվելու վտանգը: Հզոր լուսավորական շարժումը՝ Մաշտոցի և Սահակ Մեծի գլխավորությամբ, իր շարքերում համախմբելով ժողովրդի բոլոր խավերի տաղանդավոր զավակներին, պատմական ամենակարճ, անհավատալի սեղմ ժամանակամիջոցում առաջ բերեց մայրենի լեզվով բազմաբովանդակ մի գրականություն՝ ինքնուրույն և թարգմանական, որը՝ լեզվի ճոխությամբ ու մաքրությամբ, մտքի խորությամբ ու հարստությամբ, դարձավ հետագա դարերի համար դասական մի ժառանգություն՝ «ոսկեդարյան գրականություն»: Հայ գրով սկզբնավորվեց ու լայն թափ առավ հայ դպրությունը, լուսավորական շարժումը, որը ժողովրդին բերեց ինքնաճանաչում: Անկախությունից զրկված և ճնշված ժողովուրդը հոգեպես ամրապնդվեց և տեր կանգնեց իր արժանապատվությանը: 
Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Ունենալով հայ նշանագրերը՝ Սբ. Մեսրոպը Հռոփանոսի հետ սկսում է ձևավորել դրանք: Ստանալով արդեն գրելու պատրաստ տառերը՝ Սբ. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Սուրբ Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Ահա սա էր, որ եղավ առաջին հայատառ նախադասությունը՝ գրված հայ ուսուցչի ձեռքով: Բացահայտ մի իմաստություն, որով բոլորի համար հասկանալի պետք է դառնար Խոսքը և Գիրքն ընթերցելու անհրաժեշտության գաղափարը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Սուրբ Գրքի թարգմանությանը: Այսպիսով, քրիստոնեությունը հայացվում է և դառնում հայի կենսակերպը: 
«Գիրքը քաղաքակրթության տարածման և զարգացման անիվն է: Մենք կա՛նք մեր լեզվի շունչը մեր ազգի մեջ կենդանի պահող գրով և գրքով» Գարեգին Ա Վեհափառ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցն է եղել նաև մեր այբուբենի տառերի թվային արժեքներ սահմանողը: Նա 36 տառերը բաժանել է չորս խմբի՝ միավորների, տասնավորների, հարյուրավորների և հազարավորների ու ստեղծել թվագրության մի կատարյալ համակարգ, որը վեր է ամեն մի գովեստից: Սա տասնավորական համակարգ է՝ առանց զերոյի գաղափարի, թվագրության այնպիսի մի համակարգ, որի կատարյալությունը չունեին նույնիսկ ժամանակի ամենազարգացած ժողովուրդները՝ հույներն ու հռոմեացիք: 
Ահա այսպես է Աստված արձագանքում իր նվիրյալ ծառաների աղոթքներին ու տալիս յուրահատուկ շնորհներ՝ ըստ արժանվույն օգտագործելու համար՝ ինչպես Հայ ազգի մեծագույն Վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին:

«Սյունյաց կանթեղ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել