Վերջապես տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումը՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որը վերջին լարվածությունների ֆոնին ոչ միայն կարող է կոնֆլիկտի հետագա էսկալացման արգելանք լինել՝ վերադարձնելով այն կրկին ավելի շատ մրցակցային դաշտ, այլև՝ դրա համար սահմանելով հստակ, անվանական պատասխանատուներ. որ երկիրը կգնա հետագա լարման, այդ երկրի նախագահն էլ կկրի պատասխանատվությունը: Ինչևէ, այս եռակողմ հանդիպման ժամանակ հնչեց երեք կոնցեպտուալ մոտեցում կամ միտք, որոնք կարող են նոր մոտեցումներ մտցնել բանակցային գործընթացում.

1. Իլհամ Ալիևը շեշտեց, որ ԵԱՀԿ ՄԽ ջանքերն արդյունք չեն տալիս (թեև նորություն չէ, բայց կոնտեքստը ուշագրավ է)՝ ցույց տալով իր դժգոհությունը այդ ձևաչափի առնչությամբ և, շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահի նախաձեռնությունը բանակցային գործընթացում, փաստացի ճանաչեց միայն Մոսկվայի միջնորդությունը,

2. Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանն է միշտ ջանքեր գործադրել խաղաղության պահպանման համար, ընդգծեց, որ դա արել է «սեփական ազդեցությամբ», այսինքն՝ նա բացառեց անվտանգայնության ռուսական ծագման մասին մոտեցումը: Մյուս կարևոր հանգամանքն այն էր, որ Հայաստանն իր անվտանգության համար հենվում է բացառապես սեփական ուժերի ու միջոցների վրա: Ըստ էության, նա փորձեց «Աստանայի սինդրոմը» վերացնել ՝ պատասխանելով և Ալիևին, և Պուտինին, և, գուցե, Նազարբաևին, քանի որ վերջինս ՀԱՊԿ անդամ է, իսկ ՀՀ նախագահի խոսքով անուղղակիորեն հասկացվում էր, որ ՀԱՊԿ-ն էլ չի դիտվում ՀՀ անվտանգության ապահովման միջոց կամ մեխանիզմ:

Չբացառելու համար հավանականությունների տեսությունը, պետք նշել, որ, հնարավոր է, Պուտին-Սարգսյան զույգը որոշեց Ալիևին պահել Ռուսաստանի ազդեցության տիրույթում՝ հասկացնելով, որ վերջինս ուղղակիորեն չի միջամտում ՀՀ և ԱՀ միջև ռազմական բալանսին: Դա կարող է պայմանավորված լինել ԵԱՏՄ-ին կարճ ժամանակում ՀՀ անդամակցության խոստումով, այդ իսկ պատճառով, օրինակ, վերջին օրերին ակտիվացան Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունները:

3. Պուտինի կողմից ԼՂՀ հակամարտության ծագման պատճառների մասին հիշեցումը՝ կապելով խորհրդային ժամանակների հետ, նշանակում են, որ ՌԴ նախագահը ԼՂՀ լուծման համար ճանաչում կամ, գոնե, չի ժխտում պատմական հանգամանքը: Իսկ բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել 1921թ. հուլիսի 5-ին Կովբյուրոյի պլենումում, այսինքն՝ Արցախն ապօրինի կերպով է հայտնվել Ադրբեջանի կազմում: Պուտինը հասկացրեց, որ քանի որ հակամարտությունը մտել է փակուղի, ապա պետք է դրան մոտենալ լուծման այլ եղանակով՝ նախապատմության փուլով:

Սա կարող է լինել այն զիջումը, որը Մոսկվան պահանջում է Բաքվից խաղաղապահների տեղակայման տարբերակի դիմաց: Միաժամանակ, Մոսկվայում համոզվեցին, որ սահմանային լարումները ոչ թե ընկճեցին, այլ էլ ավելի համախմբեցին հայերին, ու կարող են դիրքորոշման կոշտացման պատճառ դառնալ, ինչը որոշ չափով երևաց Սերժ Սարգսյանի խոսքում: Ցանկացած հակամարտության լուծման համար քաղաքագետներն առանձնացնում են մի շարք մոտեցումներ, որոնցից առաջինը հենց հակամարտության նախապատմությունն է: Սա իմիջիայլոց: Այսպիսով, Ալիևը չստացավ այն, ինչ ակնկալում էր հայկական երկու հանրապետությունների նկատմամբ սահմանային ագրեսիաների միջոցով:

Ավելին, դա ցույց տվեց, որ ռազմական գործողությունը ոչ միայն միջազգային աներկբա աջակցություն չի կարող ստանալ ներկա խիստ մրցակցային գլոբալ տիրույթում, այլև առաջացնում է ուժեղ հակազդեցություն հակառակորդ երկրների՝ ՀՀ և ԼՂՀ կողմից ոչ միայն ռազմական, այլև՝ գաղափարական, ինֆորմացիոն, համախմբման և հակադարձման ոլորտներում, այսինքն՝ համակարգային և ենթահամակարգային մակարդակներով ու դրանց ֆունկցիոնալացմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել