ԼՂՀ խնդրի առնչությամբ Արևմտյան քաղաքականությունը հիմնված է ճիշտ ժամանակին արտաքին քաղաքական կոնցեպցիաների մշակման և դրանց կյանքի կոչման վրա: Որպեսզի գործընթացն ուղղորդվի ցանկալի հունով, նրանք քաղաքականությունը տեղափոխում են արժեքային դաշտ՝ տալով դրան անվտանգայնացման մեկնաբանություն: Դիցուք, որևէ իրողություն, հատկապես՝ կոնֆլիկտային, հիմնովին փոխելու կամ ինչ-որ մոդելյացիաների ենթարկելու համար նրանք շոշափում են անվտանգության խնդիրները՝ փորձելով այդ հարցը հակամարտող կողմերին ներկայացնել կառավարելի, կանխատեսելի, անվտանգ և իրենց կեղմից վերահսկելի ձևով: Այսպես, երբ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունները սկսեցին լարվել, երբ Մոսկվան սկսեց ակնարկել խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը, Արևմուտքը նախադձեռնեց Սարգսյան-Ալիև հանդիպում, որն ուղղված է հենց վերոնշյալ խնդիրների լուծմանը: Ինչպես Բժեզինսկին է նշում, հակամարտության կողմերի միջև հանդիպումները, եթե նույնիսկ արդյունք էլ չեն տալիս, ապա գոնե նվազեցնում են էսկալացման վտանգը: Դրա համար էլ, վերջին օրերին, երբ նկատվեցին հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների ծավալների աճ, Արևմուտքից ավելի աշխուժորեն հնչեցին նախագահների հանդիպման անհրաժեշտության մասին՝ լավ հասկանալով, որ հապաղելը կարող է նշանակել Ռուսաստանի կողմից նախապատերազմական վիճակի պատրաստում, ազդեցության լծակների ընդլայնում և կողմերին զիջումների պարտադրում: Բրյուսելն ու Վաշինգտոնը կիրառում են կոնֆլիկտի խաղային մակարդակը, որը ենթադրում է խաղի այնպիսի կանոնների մշակում, որով կապահովվի շահեկան դիրք, ուստի ջանալու են այս հանդիպումով կողմերին հասկացնել, որ հակամարտության լուծման ուղիներից մեկը հենց իրենց մոտ է, և խնդիրը չի կարգավորվելու, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ենթարկվեն ռուսական ճնշումներին: Դա, առաջին հերթին, վերաբերելու է Հայաստանին, քանի որ ներկայումս ռուսական միջամտությունը ենթադրում է խաղաղապահների տեղակայում ազատագրված տարածքներում, և վերջինիս հասկացվելու է նաև, որ անվտանգայնության հետ կապված հարցերը հիմնականում Արևմուտքում են, որ մեր երկիրը չպետք է դրա պատճառով գնա «խաղաղապահ՝ անվտանգության դիմաց» քայլին: Մյուս կողմից էլ, Ադրբեջանին հասկացնելու են, որ ռուսական կողմի հետ գործարքի մեջ մտնելը ձեռնտու տարբերակ չէ, որովհետև ղարաբաղյան կոնֆլիկտում որքան Ռուսաստանն է օժանդակ սուբյեկտ, նույնքան էլ՝ Արևմուտքը՝ առանց որի որևէ առանցքային հարց չի լուծվելու: Հավանաբար, Վաշինգտոնը հասկացել էր Բաքվի խաղը Մոսկվայի հետ՝ խաղաղապահների տեղակայման առնչությամբ, դրա համար էլ վերջերս Սպիտակ տունը զեկույց հրապարակեց, որով մտահոգություն հայտնեց Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի կապակցությամբ: Բաքվում, իհարկե, սրան կոշտ արձագանքեցին՝ ցույց տալու համար Մոսկվայի իրենց գործընկերներին, որ նման զեկույցը չի կարող ազդել իրենց դիրքորոշման վրա, և նրանք կարող են շարունակել իրենց համագործակցությունը, սակայն, միաժամանակ, շատ լավ են հասկանում, որ այդ կարգի զեկույցները ԱՄՆ-ը հենց այնպես չի հրապարակում. դրանք լուրջ դիվանագիտական մեսիջներ են, որոնք կարող են ռեալ քաղաքական քայլերի վերածվել: Այս ամենին ռուսական իշխանությունը, բնականաբար, հետևում է, դրա համար էլ Լավրովը հայտարարեց, որ Սարգսյանն ու Ալիևը հանդիպելու են Պուտինի հետ, որտեղ, ինչպես ինքն է նշում՝ «հայտարարությունն անխուսափելի է լինելու, որը կախված է իրենցից»: Սա էլ ռուսական հակընդդեմ քայլն էր, որն Արևմուտք-Ռուսաստան միջնորդությունը համակարգայինից վերածում է ֆունկցիոնալի, և այդ ֆունկցիոնալիզացիան կարող է բացասաբար անդրադառնալ, որովհետև նրանք սկսում են աստիճանաբար կոնֆլիկտի օժանդակ սուբյեկտից վերածվել հիմնականի, սակայն որտեղ ռազմական գործողություններում իրենք անմիջական ներգրավվածություն չեն ունենալու: Հիմա Արևմուտքը կփորձի նախագահներին բերել բանակցային դաշտ, որտեղ ինքն ավելի լավ ռեսուրսներ ունի, իսկ Ռուսաստանն էլ չի գնա կոնֆլիկտի էսկալացման՝ եվրոպացիների ու ամերիկացիների հակազդեցությունից խուսափելու համար, ինչպես նաև՝ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, քանի որ երկրորդ «օջախը» կդառնա գլխացավանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել