Tert.am-ը գրում է.

Թող ամենամեծ քարն ինձ վրա նետի նա, ով պատերազմը չի համարում աշխարհի ամենամեծ անբարոյականությունը. անգամ այդ նողկալի բառը գրելիս` ես հենց նոր վերջին ստորությունն արածի զգացողությունն ունեցա, որովհետև գիրը կանչել գիտի... իսկ մամուլն այսօր բերնեբերան լցված է հենց սրանով՝ ՊՆ-ն մի բան է հաղորդում, տեղացիները՝ բոլորովին այլ բան, երեկվա մեր անվտանգության երաշխավորը գուժում է, թե խելքներս չի կտրում մեր հակառակորդի՝ փշալարերից կախված պորտը տեղը դնենք, իշխանազուններն էլ... դե նրանք միշտ կերած-խմած թամադի շուլուխով են խոսում՝ խոսքի զրո ինֆորմատիվություն և լիքը փառք ու պատիվ։ Ո՞ւմ...


Իմ սիրելի ընթերցող, բայց դու լավ գիտես, որ տանը եթե անգամ բոլորը խոսքները մեկ անեն և ուզեն «տակովն անել» ճշմարտությունը, հին ու փորձված մեթոդը դարձյալ կհուշի. «Երեխայից իմանալ տան գաղտնիքը»։ Այս անգամ այդպես էլ արեցի՝ զրուցելով սահմանամերձ Մովսես գյուղում ապրող մի զարմանալի տղայի՝ Վահանի հետ։ Այգեպարցի Նարեկի հետ էլ խոսեցի՝ տեղի դպրոցի նախկին տնօրեն ընկեր Այդինյանի հորդորով, բայց զրույցի կեսից 12-ամյա Նարեկս համարյա մեր ՊՆ-ի նման հայտարարեց, որ իմ հարցերը ռազմաքաղաքական, թե՞ ռազմահայրենասիրական են ու ողջ օրը դարձավ անորսալի... Նարեկ։ Բայց, նա էլ, Վահանի պես լավ տղա էր, որովհետև հենց նրանց հետ զրույցից հետո ես կրկին գնացի դեպի Սարոյանի «Մարդկային կատակերգությունը» և նորովի հասկացա, թե ինչ էր գրում Մարկուսն իր եղբայր Հոմերին, երբ նա ընդամենը 14 տարեկան էր. շատ եմ ուզում, որ Նարեկն ու Վահանը սա անպայման կարդան.
« ...Երբեք չեմ հավատացել պատերազմների, և գիտեմ, որ անհրաժեշտության դեպքում էլ դրանք հիմարություն են։ Իմ թշնամին մարդը չէ, որովհետև ոչ մի մարդկային էակ չի կարող իմ թշնամին լինել։ Ով էլ որ լինի այդ մարդը, ինչ գույն էլ ունենա, ինչքան էլ սխալված լինի իր համոզմունքներում, նա իմ ընկերն է, ոչ թե թշնամին։ Իմ պայքարը մարդու դեմ չէ, այլ նրա մեջ եղած այն գազանի դեմ, որը առաջին հերթին ուզում եմ իմ մեջ ոչնչացնել։


...Ես ինձ հերոս չեմ զգում։ Այդպիսի բաների ընդունակ չեմ։ Ոչ ոքի չեմ ատում։ Նույնիսկ հայրենասեր էլ չեմ դարձել, որովհետև միշտ սիրել եմ իմ երկիրը, իմ ժողովուրդը, իմ քաղաքը, իմ տունը և իմ ընտանիքը։ Ես, իհարկե, կուզենայի բանակում չլինել, կուզենայի, որ պատերազմ չլիներ, բայց քանի որ բանակում եմ և քանի որ պատերազմ է, վճռել եմ լինել լավագույն զինվորը։ Չգիտեմ, ինչ է ինձ սպասում, բայց, ինչ էլ լինի, ես պատրաստ եմ խոնարհաբար ընդունել այն։ Նամակում ես կարող եմ ասել այն, ինչը երբեք չէի կարողանա արտահայտել բառերով։ Դու պետք է շարունակես լավագույնը մնալ։ Ոչինչ չպետք է քեզ խանգարի։ Հիմա դու տասնչորս տարեկան ես, բայց պետք է ապրես մինչև քսան, հետո՝ երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն։ Դու պետք է հավիտյան ապրես։ Եվ վստահ եմ, որ կապրես։ Հեռվից միշտ պիտի հսկեմ քեզ։ Դու այն ես, ինչի համար կռվում ենք մենք։ Այո՛, դու, իմ եղբայրը։


...անչափ պիտի ուրախանամ քեզ նորից տեսնելու համար։ Աստված օրհնի քեզ։ Ցտեսություն»։


-Ի՞նչ ես անում հիմա, ինչո՞վ ես զբաղված։


-Մտածում եմ, էլի։


-Ի՞նչ ես մտածում։


-Կապը չկա, կտրել են ինտերնետը, մտածում եմ՝ ե՞րբ կտան, ո՞նց կանեն։


-էլի կրակո՞ւմ են, թե՞ հիմա հանգիստ է։


-Էհ, արդեն սովորական ա դառել, ինչ եմ գիդում։ Էրեկ չէ առաջին օրը էլի լույսերը գցեցին, մի քանի ժամ ինչ զենքով ասես խփում էին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել